Մեկնարկեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանիպաշտոնական այցը Չինաստան

11 սեպտեմբերի, 2009

Հայաստանի արտգործնախարարը Չինաստանի բարձրագույն ղեկավարների հետ քննարկեց երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Ս. թ. սեպտեմբերի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Չինաստանի արտգործնախարար Յան Ձիեչիի հրավերով պաշտոնական այցով ժամանեց Պեկին:

Սեպտեմբերի 11-ին կայացավ Հայաստանի եւ Չինաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Յան Ձիեչիի հանդիպումը:

Շնորհակալություն հայտնելով իր չինացի գործընկերոջը ջերմ ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում մեծ կարեւորություն են տալիս Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:

Նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման կապակցությամբ եւ ասաց, որ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ չկա որեւէ խնդիր, որ բաժանում է կողմերին, այլ կան շատ գործոններ, որոնք միավորում են մեր երկրներին:

Նախարարներ Նալբանդյանն ու Ձիեչին նշեցին, որ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ կրթական ոլորտներում վերջին տարիների արդյունավետ համագործակցությունն ամրապնդել է փոխվստահությունը կողմերի միջեւ, եւ այժմ նկատելի է երկու երկրների ցանկությունը ակտիվ քայլեր ձեռնարկել փոխշահավետ գործընկերության խորացման ուղղությամբ` ընդգրկելով փոխգործակցության նորանոր բնագավառներ:

Նախարարներ Նալբանդյանն ու Ձիեչին հանգամանալից քննարկեցին Հայաստանի եւ Չինաստանի ԱԳՆ-ների միջեւ անցկացվող խորհրդակցությունների ակտիվացմանը, միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցության սերտացմանը վերաբերող հարցեր, մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց մեկ Չինաստանի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը եւ շնորհակալություն հայտնեց չինացի գործընկերոջը Կովկասում առկա խնդիրների վերաբերյալ Չինաստանի հավասարակշռված դիրքորոշման համար:

Էդվարդ Նալբանդյանն իր չինացի գործընկերոջը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված ջանքերը:

Չինաստանի արտգործնախարարն իր երկրի աջակցությունը հայտնեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղություններով ձեռնարկվող քայլերին:

Նախարարները շահագրգիռ քննարկում ունեցան միջազգային հարաբերությունների այժմէական խնդիրների` մասնավորապես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բարեփոխման, մերձավորարեւելյան կարգավորման, ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների վերացման եւ կլիմայական փոփոխությունների վերաբերյալ:

Բանակցությունների ընթացքում Հայաստանի եւ Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մանրամասն քննարկեցին տնտեսական փոխգործակցության խթանումը եւ այդ ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Որոշվեց հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը գումարել ս.թ. դեկտեմբերին Պեկինում:

Արտգործնախարարների` մոտ 3 ժամ տեւած հանդիպմանը մանրամասն անդրադարձ կատարվեց փոխգործակցությանը կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտներում: Երկուստեք կարեւորվեց Հայաստանի եւ Չինաստանի ԲՈւՀ-երում չինացի եւ հայ ուսանողների քանակն ավելացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ կրթության մասին վկայականների փոխադարձ ճանաչման վերաբերյալ համաձայնագրի կնքումը: Գոհունակությամբ նշվեց, որ 2009 թ. նոյեմբերին Հայաստանում տեղի են ունենալու Չինաստանի մշակույթի օրեր, եւ քննարկվեց Չինաստանում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելու հնարավորությունը:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Չինաստանի փոխնախագահ Սի Ձինփին:

Հայաստանի արտգործնախարը Չինաստանի փոխնախագահին փոխանցեց Չինաստանի ժողովրդական հանրապետության 60-ամյակի կակապցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձն` ուղղված Չինաստանի Նախագահ Հյու Ձինտաոին:

Շուրջ մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Փոխնախագահ Ձինփին ողջունեց Հայաստանի Նախագահի Չինաստան ծրագրվող այցը:

Սի Ձինփին եւ Էդվարդ Նալբանդյանը մանրամասն քննարկեցին երկկողմ քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Զրուցակիցները, գոհունակություն հայտնելով ձեւավորված բարեկամական համագործակցության առնչությամբ, արձանագրեցին, որ Հայաստանի եւ Չինաստանի դիրքորոշումները միջազգային հարցերի շուրջ համընկնում են կամ մոտ են:

Չինաստանի փոխնախագահն ու Հայաստանի արտգործնախարարը, անդրադառնալով համատեղ իրականացվող ծրագրերին, առանձնացրեցին ավարտին մոտեցող` Չինաստանում արհեստական կաուչուկի Շանսի - Նաիրիտ գործարանի համատեղ կառուցումը, չինական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում էլեկտրակայանների վերակառուցմանը եւ արդիականացմանը, հանքարդյունաբերության` մասնավորապես պղնձամոլիբդենային արտադրությանը: Նախարար Նալբանդյանն ընդգծեց հայկական կողմի շահագրգռվածությունը չինական ներդրումների առավել ներգրավմանը Հայաստանում տարբեր տնտեսական ծրագրերում: Չինաստանի փոխնախագահը նշեց, որ չինական կառավարությունը կխրախուսի գործարար շրջանակներին ներդրումներ կատարել Հայաստանում:

Սեպտեմբերի 11-ին Չինաստանի առեւտրի նախարարությունում ստորագրվեց համաձայնագիր Չինաստանի կառավարության կողմից Հայաստանին տեխնիկական-տնտեսական աջակցության տրամադրման վերաբերյալ:

Սեպտեմբերի 10-ին Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով հանդես եկավ Չինաստանի ԱԳՆ միջազգային հետազոտությունների ինստիտուտում (CIIS), որին ներկա էին Պեկինում հավատարմագրված դեսպաններ եւ դիվանագետներ, քաղաքագետներ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ եւ լրագրողներ:

Հայաստանի արտգործնախարարը այցելեց նաեւ Պեկինում ՀՀ դեսպանատուն, ուր նախ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց դեսպանության անձնակազմի հետ, ապա հանդիպեց Պեկինում սովորող հայ ուսանողներին: Անմիջական մթնոլորտում անցած զրույցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց հայ-չինական հարաբերություններն ու դրանց զարգացման հեռանկարները, պատասխանեց ուսանողների հարցերին:

Հայաստանի ԱԳ նախարարը ընդարձակ հարցազրույցներ տվեց «Սինխուա» լրատվական գործակալությանը եւ CCTV կենտրոնական պետական հեռուստատեսությանը:

Սեպտեմբերի 12-ին էդվարդ Նալբանդյանը կմեկնի Շանհայ, ուր հանդիպումներ կունենա «Շանհայ էքսպո - 2010» համաշխարհային ցուցահանդեսի կազմկոմիտեի հետ:
Տպել էջը