Տեղի ունեցավ «Բարի գալուստ Հայաստան» ասոցիացիայի կազմակերպած ամանորյա բարեգործական տոնավաճառը 19 դեկտեմբեր 2009թ.
19 դեկտեմբերի, 2009Այսօր Երեւանի քաղաքապետարանի շենքում տեղի ունեցավ արտգործնախարարի տիկնոջ` Նատալիա Նալբանդյանի ղեկավարած «Բարի գալուստ Հայաստան» ասոցիացիայի կազմակերպած ամանորյա բարեգործական տոնավաճառը, որի ողջ հասույթը` Երեւանի քաղաքապետարանի առաջարկած ծրագրի համաձայն, տրամադրվելու է Շենգավիթ համայնքի մի քանի մանկապարտեզների կարիքներին:
Միջոցառմանը մասնակցելու նպատակով քաղաքապետարան այցելեց նաեւ Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Տոնավաճառին ներկա էին Հայաստանի վարչապետի տիկին Գոհար Սարգսյանը, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի տիկին Սուսաննա Մարգարյանը, Երեւանի քաղաքապետի տիկին Նունե Բեգլարյանը, պաշտպանության նախարարի տիկին Ռուզաննա Օհանյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տիկին Աննա Բաղդասարյանը:
Տոնավաճառի բացմանը ներկա էին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Հանդես գալով բացման խոսքով` Նատալիա Նալբանդյանը նախ շնորհակալություն հայտնեց Երեւանի քաղաքապետին քաղաքապետարանի շենքում միջոցառումը անցկացնելու հնարավորություն ընձեռելու համար, ապա երախտիքի խոսքեր ասաց տոնավաճառի բոլոր մասնակիցներին` օտարերկրյա դեսպանություններին եւ հայկական ընկերություններին, Ասոցիացիայի կոչին արձագանքելու եւ տոնավաճառին մասնակցելու համար: «Ամանորին ընդունված է նվերներ անել ամենամոտ ու ամենասիրելի մարդկանց եւ իհարկե, ամենափոքրիկներին` մանուկներին: Ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին ու ներկաներին` բարեսրտության, առատաձեռնության եւ մանուկներին օգնության հասնելու պատրաստակամության համար», - նշեց տիկին Նալբանդյանը: