ՄԱԿ-ի նորանշանակ մշտական ներկայացուցիչը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին 21 հունվար 2010թ.

21 հունվարի, 2010

Ս.թ. հունվարի 21-ի ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւային (Dafina Gercheva)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Նախարար Նալբանդյանը շնորհավորեց Դաֆինա Գերչեւային Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, որ ՀՀ կառավարության եւ ՄԱԿ-ի գրասենյակների միջեւ արդյունավետ համագործակցություն է ձեւավորվել եւ հույս հայտնեց, որ նորանշանակ մշտական ներկայացուցիչը իր կարեւոր ներդրումը կունենա Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության ընդլայնմանը:

ՀՀ արտգործնախարարը նաեւ բարձր գնահատեց ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակների գործունեությունը եւ ԱԳՆ աջակցությունը հայտնեց 2010-2015թթ.-ի ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագրի շրջանակներում իրականացվող նախագծերին:

Դաֆինա Գերչեւան վստահեցրեց, որ պաշտոնավարման ընթացքում իր նպաստը կբերի Հայաստանում ՄԱԿ-ի ներգրավվածության բարձրացմանը եւ նախագծերի իրականացմանը ու ընդգծեց, որ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի աշխատանքների եւ իշխանությունների հետ համագործակցության ընթացքում կուտակած դրական փորձը կարող է կիրառվել նաեւ այլ երկրներում:

Տեղեկանք: Ծնվել է 1958 թ. Բուլղարիայում: Կրթություն է ստացել Սոֆիայի ազգային եւ աշխարհի տնտեսության համալսարանում` տնտեսագիտություն, քաղաքական տնտեսագիտություն եւ սոցիոլոգիա, այնուհետեւ` շրջակա միջավայրի տնտեսագիտություն մասնագիտություններով: 1994-2002 թթ. տարբեր պաշտոններ է զբաղեցրել Բուլղարիայում, իսկ 2002 թվականից` նաեւ Բրատիսլավայում եւ Սլովակիայում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակներում: Երկու տասնյակ աշխատությունների հեղինակ է, տիրապետում է անգլերեն, ռուսերեն, բուլղարերեն, մակեդոներեն եւ սերբերեն լեզուներին:
Տպել էջը