Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը«Ռեգնում» լրատվական գործակալության հարցին
19 հունիսի, 2010Հարց. - Պարոն նախարար, ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել անցած գիշեր Մարտակերտի ուղղությամբ ադրբեջանական կողմից դիվերսիոն հարձակման փորձի վերաբերյալ: Ո՞րն է այդ դիվերսիայի Ձեր գնահատականը:
Պատասխան.- Բարձր մակարդակով յուրաքանչյուր հանդիպումից առաջ, Բաքուն փորձում էր սադրիչ հայտարարությունների, պատերազմի սպառնալիքների միջոցով տապալել բանակցությունները: Ամենայն հավանականությամբ, տեսնելով, որ դա իրենց չի հաջողվում` ադրբեջանցիներն այս անգամ, հունիսի 17-ի եռակողմ բարձր մակարդակի հանդիպումից անմիջապես հետո գնացին ավելի հեռու` ակնհայտ սադրանքի: Կարելի է ասել, որ դեռեւս չհասցնելով դուրս գալ բանակցությունների սրահից, ադրբեջանական ղեկավարությունը հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում կազմակերպել է դիվերսիոն գործողություն: Գիշերվա քողի տակ ուխտադրուժ հարձակվելը բնորոշ է Ադրբեջանին: Դա առաջին անգամ չի արվում:
Դիվերսիոն ոտնձգության արդյունքում կան զոհեր եւ վիրավորներ: Արցախի զինված ուժերը հետ են մղել այդ հարձակումը: Ակնհայտ է, որ դա նախապես մտածված եւ ծրագրված գործողություն է: Դա եւս մեկ անգամ ցույց է տալիս Բաքվի իրական դեմքը, որն ամեն ինչ անում է բանակցային գործընթացը ձախողելու համար: