ՀՀ արտգործնախարարը մասնակցեց ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը

17 հուլիսի, 2010

Հուլիսի 17-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը նվիրված էր Եվրոպայում անվտանգության ամրապնդման հարցերին: ԵԱՀԿ-ում ղազախական նախագահության կողմից կազմակերպված հանդիպմանը մասնակցում էին ԵԱՀԿ 56 անդամ երկրների պատվիրակություններ, ՄԱԿ, ԵԱՀԿ, ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵՄ եւ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Արտգործնախարարների հանդիպումը բացեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:

Հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը հանդես եկավ ելույթով, որտեղ ներկայացրեց Հայաստանի տեսակետները Եվրոպայում անվտանգության ապահովման վերաբերյալ:

ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը մասնակցեց նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը եւ ունեցավ մի շարք երկկողմ հանդիպումներ:

Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպմանը քննարկվեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները:

Նախարար Նալբանդյանի եւ Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետի հանդիպման ժամանակ արծարծվեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն ուղղությամբ կատարվող աշխատանքները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց դիվանագիտական անձնագրեր կրողների համար մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին համաձայնագիր ստորագրել նախարարական մակարդակով հաջորդ հանդիպմանը, ինչպես նաեւ քայլեր ձեռնարկել Ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ:

Ալմաթիում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնի հետ: Զրույցի ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Միացյալ Թագավորության Եվրոպական հարցերով նախարարը փոխանցեց իր երկրի կառավարության երախտագիտությունը Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի կարեւոր ներդրման համար:

Էդվարդ Նալբանդյանն ու Դեյվիդ Լիդինգթոնը անդրադարձան արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:

Էդվարդ Նալբանդյանի հանդիպմանը 2011 թ. ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսի հետ անդրադարձ կատարվեց մի շարք երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերին, Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցությանը:

Նախարարները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի, առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ:

Ընդունելով Հայաստան այցելելու Էդվարդ Նալբանդյանի հրավերը, Լիտվայի ԱԳ նախարարը հայտնեց, որ Երեւան կայցելի հաջորդ տարվա սկզբին:

Նախարարական հանդիպման շրջանակներում տեղի ունեցավ նաեւ Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները ափսոսանք հայտնեցին վերջերս տեղի ունեցած իրադարձությունների, այդ թվում՝ հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը զինված միջադեպի եւ հրապարակային հրահրիչ հայտարարությունների կապակցությամբ, որոնք սրում են իրավիճակը տարածաշրջանում եւ չեն նպաստում կարգավորման գործընթացին: ԵԱՀԿ Մինսկի խմբի պատվիրակությունների ղեկավարները կոչ արեցին կողմերին քայլեր ձեռնարկել 1994թ. հաստատված հրադադարի ամրապնդման ուղղությամբ: Հիշատակելով ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքները, նաեւ լ’Աքվիլայում եւ Մուսկոկայում նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի կողմից արված հայտարարություններում պարունակվող դրույթները որպես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմք` շեշտեցին, որ դրանցից որոշների գերակայությունը մյուսների նկատմամբ ապացուցելու փորձերը անթույլատրելի են:
 

Տպել էջը