Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ մեկնարկեցին Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները

19 հուլիսի, 2010

Հուլիսի 19-ին Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկային հանդիպումը:

Բանակցությունների մեկնարկին նախորդեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵՄ կողմից բանակցող պատվիրակության հետ` Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրեն Գունար Վիգանդի գլխավորությամբ:

Բանակցությունները բացեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որն իր խոսքում նշեց. «ԵՄ հետ համագործակցությունը առավել ծավալուն օրակարգով խորացնելու մեր կամքը արտահայտվեց մայիսին նախագահ Սարգսյանի Բրյուսել կատարած այցելության ընթացքում»:

«Որքան որ հին է եվրոպական մայրցամաքը, նույնքան եւ հին են Հայաստանի եւ հայ ժողովրդի կապերը Եվրոպայի հետ: Դրանք ձգվում են դեպի դարերի խորքը, դեպի այն ժամանակները, երբ մեր ժողովրդի լուսավորյալ զավակներն իրենց մասնակցությունն էին բերում այն արժեհամակարգի ձեւավորմանը, որն այսօր անվանում են եվրոպական արժեքներ:

Հայաստանի անկախությունից ի վեր, եվրոպական ուղղությունը եղել է ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը: Մենք մեծապես կարեւորում ենք Եվրոպական Միության հետ հարաբերությունների խորացումը: Այս առումով Արեւելյան գործընկերությունը հեռանկար է բացում ԵՄ հետ նոր որակի պայմանագրային հարաբերություններ հաստատելու համար, մասնավորապես Ասոցացման համաձայնագրի միջոցով, որի մեկնարկն ենք նախաձեռնել այսօր», – ասաց Հայաստանի արտգործնախարարը:

Նախարար Նալբանդյանը նաեւ նշեց, որ Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ համագործակցությունը արտաքին քաղաքականության, քաղաքական երկխոսության, արդարադատության, ազատությունների ու անվտանգության, տնտեսական եւ էներգետիկ փոխգործակցության եւ շատ այլ ոլորտներում էական առաջընթաց է ապրել: Նրա խոսքերով «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը, ԵՄ խորհրդատվական խմբի գործունեությունը Հայաստանում, ԵՄ հետ Մարդու իրավունքների վերաբերյալ երկխոսության հաստատումը ընդգծեցին երկու կողմերի հանձնառությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու համագործակցությունը:

Նախարարը նշեց, որ Երեւանում հուլիսի 6-ին Հայաստան-Եվրոպական Միություն արդարադատության, ազատությունների եւ անվտանգության հարցերով ենթահանձնաժողովը հաջողությամբ ավարտել է իր առաջին հանդիպումը:
«Մենք ակնկալում ենք, որ այդ ձեւաչափով կառուցողական քննարկումները ճանապարհ կբացեն հնարավորինս շուտ ԵՄ հետ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագրի կնքման համար: Կարեւորում ենք նաեւ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ բանակցությունները` որպես Ասոցացման համաձայնագրի բաղկացուցիչ մաս», - ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը:

Եվրոպական Միության բանակցային թիմի ղեկավար Գունար Վիգանդը ներկայացրեց Եվրոպական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի ողջույնի ուղերձը բանակցությունների մեկնարկի կապակցությամբ:

Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությունը կարգավորող հիմնական փաստաթուղթը` Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրը, ուժի մեջ է մտել 1999թ. հուլիսին` 10 տարի ժամկետով: Ըստ համաձայնագրի համապատասխան դրույթի` ժամկետը լրանալուց հետո, այն ինքնաբերաբար երկարաձգվում է մեկամյա ժամկետով: Ասոցիացման համաձայնագիրը փոխարինելու է ներկայումս գործող Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին:

Դրանում արտացոլվելու են տնտեսական ինտեգրման, ազատ տեղաշարժի եւ էներգետիկայի հարցերի վերաբերյալ համագործակցության ուղենիշները: Համաձայնագիրն ունենալու է նաեւ ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության ոլորտում համագործակցության բաղադրիչներ:
Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները տեղի կունենան երեք թեմատիկ խմբերով, որոնք կբանակցեն քաղաքական երկխոսության, արտաքին ու անվտանգության քաղաքականության, արդարադատության, ազատությունների, ինչպես նաեւ տնտեսական, ֆինանսական, մշակութային, էներգետիկ եւ այլ ոլորտներում համագործակցության հարցերի շուրջ:

Բանակցային գործընթացին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության բոլոր շահագրգիռ նախարարությունների եւ գերատեսչությունների ներգրավվածությունը:

ՀՀ կողմից բանակցային գործընթացի կազմակերպման նպատակով 2010թ. հուլիսի 15-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է կարգադրություն «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների մասին», ըստ որի ՀՀ կողմից բանակցությունների համակարգողն է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, գլխավոր բանակցողն է ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը:

Արդարադատության, ազատությունների եւ անվտանգության հարցերով աշխատանքային խմբի ղեկավարն է արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը, Տնտեսական, ֆինանսական ոլորտներում համագործակցության հարցերով աշխատանքային խմբի ղեկավարն է ֆինանսների փոխնախարար Մուշեղ Թումասյանը:

Մեկնարկային հանդիպմանը հետեւեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի եւ Գունար Վիգանդի համատեղ մամուլի ասուլիսը:
 

Տպել էջը