ՀՀ արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատարի հետ

20 հուլիսի, 2010

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:

Զրույցի ընթացքում հանձնակատար Ֆյուլեն շնորհավորել է նախարար Նալբանդյանին ԵՄ հետ Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի առթիվ, նշելով, որ Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ համագործակցությունը մի շարք ոլորտներում էական առաջընթաց է արձանագրել, ինչը լավ նախադրյալներ է ստեղծել հարաբերությունների հետագա ընդլայնման համար:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Եվրոպական Միության հետ որակապես նոր մակարդակի պայմանագրային հարաբերությունների հաստատումը եւ հետամուտ է լինելու այդ ուղղությամբ գործնական քայլերի կատարմանը:

Հայաստանի արտգործնախարարը եւ Եվրոպական հանձնակատարը քննարկել են Ասոցիացման համաձայնագրի եւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ բանակցություններին առնչվող հարցեր:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ազատ եւ համապարփակ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների նախապատրաստական աշխատանքների շուրջ:
 

Տպել էջը