Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Չինաստանի կոմերցիայի նախարարի տեղակալ Չժուն Շանին

22 հուլիսի, 2010

Հուլիսի 22-ին ՀՀ ԱԳ Նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Չինաստանի կոմերցիայի նախարարի տեղակալ Չժուն Շանին:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն ասաց. «Հայաստանի եւ Չինաստանի բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, տնտեսական, գիտական եւ մշակութային ոլորտներում փոխգործակցության մշտական ընդլայնումը եւ խորացումը, համագործակցության մինչ այժմ կուտակած մեծ փորձը, լավ հիմք է երկկողմ հարաբերությունների զարգացման, խորացման եւ ամրապնդման համար»:

Էդվարդ Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ Չժուն Շանի այցը հանդիպումները կնպաստեն հայ-չինական տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Չինաստանի առեւտրի փոխնախարար Չժուն Շանը ընդգծեց, որ կանոնավոր քաղաքական երկխոսությունը, բազմակողմ ձեւաչափերում փոխադարձ աջակցությունը նպաստում են Հայաստանի եւ Չինաստանի միջեւ փոխըմբռնման եւ վստահության մեծացմանը:

Երկուստեք նշվեց, Չինաստան Հայաստանի Նախագահի այցելության ժամանակ, երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք են բերվել կարեւոր պայմանավորվածություններ, որոնց իրականացումը նոր թափ կհաղորդի տարբեր ոլորտներում հայ-չինական համագործակցությանը:

Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց փոխնախարար Չժուն Շանին, որը նաև հանդիսանում է Շանհայ էքսպոյի կազմկոմիտեի ղեկավարներից, ցուցահանդեսի բարձր մակարդակի կազմակերպման համար: Չինաստանի առեւտրի փոխնախարարը տեղեկացրեց, որ ցուցահանդեսում Հայաստանի տաղավար, որն ամենահաջողվածներից է, ամեն օր այցելում է առավել քան 30.000 մարդ: Սպասվում է, որ մինչ ցուցահանդեսի ավարտը Հայաստանի տաղավարի այցելուների քանակը կկազմի 3.5 միլիոն մարդ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության ոլորտների ընդարձակմանը, այդ թվում` էներգետիկայի, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության, եւ այլ բնագավառներում փոխգործակցության հեռանկարին վերաբերող հարցեր: Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ համատեղ նախագծերը մինչ այժմ իրականացվել են մեծ հաջողությամբ, ինչի վառ օրինակն է ՙՇանսի-Նաիրիտ՚ համատեղ ձեռնարկության գործարկումը:
 

Տպել էջը