ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց Շվեյցարիայի դեսպան Լորենցո Ամբերգին

29 հուլիսի, 2010

Հուլիսի 29-ին Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լորենցո Ամբերգին:

Դրական գնահատական տալով հայ-շվեյցարական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ուղղված դեսպանի պաշտոնում Լորենցո Ամբերգի իրականացրած աշխատանքներին` փոխնախարար Կարինե Ղազինյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ հարաբերությունների ներկայիս զարգացման եւ երկկողմ քաղաքական երկխոսության կայուն համակարգի ձեւավորման առնչությամբ:

Տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հարաճուն զարգացման տեսանկյունից կողմերը արժեւորեցին Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ ընդլայնվող իրավապայմանագրային դաշտի առկայությունը` պայմանավորված անցյալ տարի երկու կարեւոր միջկառավարական փաստաթղթերի` օդային հաղորդակցությունների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին համաձայնագրերի ստորագրմամբ: Երկուստեք ողջունվեց նաեւ 2009թ. սեպտեմբերից Հայաստանում գործող Շվեյցարիայի դեսպանության գրասենյակի գործունեությունը` որպես խթան առկա բարեկամական կապերն ամրապնդելու համար:

Անդրադարձ կատարվեց նաեւ առեւտրատնտեսական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումներին ուղղված Զարգացման եւ համագործակցության շվեյցարական գործակալության (SDC) աջակցության ծրագրերին, ինչպես նաեւ կրթության, մշակույթի ոլորտներում գործակցության խթանմանն ուղղված քայլերին:

Փոխնախարար Ղազինյանը եւ դեսպան Ամբերգը մտքեր փոխանակեցին նաեւ տարածաշրջանային հարցերի շուրջ:

Տպել էջը