ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Տաջիկստանի ԱԳ նախարար Համրոխոն Զարիֆիի հանդիպումը

20 օգոստոսի, 2010

Օգոստոսի 20-ին կայացավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Տաջիկստանի ԱԳ նախարար Համրոխոն Զարիֆիի հանդիպումը:

Հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանն ու Համրոխոն Զարիֆին գոհունակությամբ նշեցին, որ երկու երկրների միջեւ ձեւավորված հարաբերությունների մակարդակը լայն հնարավորություններ է ստեղծում տարբեր բնագավառներում Հայաստանի եւ Տաջիկստանի միջև արդյունավետ համագործակցության խորացման եւ ընդլայնման համար: Կողմերը վերահաստատեցին երկկողմ պատրաստակամություն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Նախարարները կարեւորեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի եւ Տաջիկստանի փոխգործակցության խորացումը:

Նախարարներն ընդգծեցին երկու երկրների միջեւ տնտեսական ներուժի կիրառման, գործարար շրջանակների միջեւ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը: Կողմերը համաձայնվեցին, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության եւ Տաջիկստանի միջեւ իրավա-պայմանագրային դաշտի ընդլայնման եւ թարմացման առումներով:

Էդվարդ Նալբանդյանն ու Համրոխոն Զարիֆին անդրադարձան Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանային զարգացումներին: 

Տպել էջը