Հայաստանի արտգործնախարարը պաշտոնական այց կատարեց Իրան

16 սեպտեմբերի, 2010

 Սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Թեհրան:

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: Հանդիպման սկզբում նախարար Նալբանդյանը Իրանի նախագահին փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն ու բարեմաղթանքները:

Իրանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջեւ զարգացող բազմաբովանդակ համագործակցության առումով` ընդգծելով, որ վերջերս ակտիվացել են բարձր մակարդակի երկկողմ փոխայցելությունները, ձեւավորվել է արդյունավետ տնտեսական համագործակցություն, կյանքի են կոչվում բազմաթիվ փոխշահավետ ծրագրեր, գոյություն ունի լայն իրավապայմանագրային դաշտ եւ կա երկկողմ պատրաստակամություն առավել զարգացնել փոխգործակցությունը:

Իրանի Նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկեցին 2009 թ. ապրիլին Հայաստանի Նախագահի Թեհրան կատարած պաշտոնական այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Հայաստանի արտգործնախարարը բարձր գնահատեց հայ համայնքի նկատմամբ Իրանի իշխանությունների հոգատար վերաբերմունքը:

Նախագահ Մահմուդ Ահմադինեջադը խնդրեց իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին:

Իրանի մայրաքաղաքում նույն օրը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԻԻՀ ԱԳ նախարար Մանուչեր Մոթաքիի հետ:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ պատմության ընթացքում երկու հարեւան երկրների միջեւ ձեւավորված բարիդրացիական հարաբերություններն օրեցօր առավել ամրապնդվում են:

Էդվարդ Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով Թեհրան այցելելու հրավերի եւ ջերմ ընդունելության համար, ընդգծեց, որ 2009 թ. ապրիլի ՀՀ Նախագահի պաշտոնական այցելությունը Իրան, դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ ստորագրված փաստաթղթերը նոր լիցք հաղորդեցին երկու բարեկամ երկրների միջեւ համագործակցությանը:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը` քաղաքական, տնտեսական, ապակենտրոնացված ու մշակութային համագործակցության, համատեղ իրականացվող ու նախատեսվող ծրագրերը, հատկապես` էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում:

Զրուցակիցները վերահաստատեցին փոխշահավետության վրա հիմնված երկկողմ հարաբերությունները զարգացնելու պատրաստակամությունը` նշելով, որ բարձր մակարդակի փոխադարձ այցելությունների հաճախակիությունը նպաստում է համագործակցության առավել ամրապնդմանը:

Նախարարներն անդրադարձան հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, որը կարեւոր դերակատարություն ունի տնտեսական համագործակցության, համատեղ ծրագրերի մշակման եւ իրականացման գործում:

Մշակութային փոխանակումների ենթատեքստում կարեւորվեց փոխադարձ մշակույթի օրերի անցկացումը, նախարարները մտքեր փոխանակեցին զբոսաշրջության խթանման ուղիների շուրջ:

Հայաստանի եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձան նաեւ տարածաշրջանային հարցերի: Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը միշտ հանդես է եկել տարածաշրջանում տեւական խաղաղության եւ կայունության ամրապնդման, խնդիրների բացառապես խաղաղ ճանապարհով` բանակցությունների եւ երկխոսության միջոցով լուծման օգտին:

Մանուչեր Մոթաքիի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցությունների ընթացքը` կարեւորելով Իրանի հավասարակշռված եւ կառուցողական դիրքորոշումը այդ հարցում:

Իրանի արտգործնախարարը իր հայաստանյան պաշտոնակցին տեղեկացրեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցած զարգացումներին, դրա վերաբերյալ միջազգային հանրության հետ ընթացող բանակցություններին: Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը ուշադրությամբ հետեւում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին եւ հուսով է, որ Իրանն ու միջազգային հանրությունը համատեղ ջանքերով կարող են գալ փոխադարձ ընդունելի լուծմանը:

Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարների հանդիպմանը հետեւեց համատեղ մամլո ասուլիս, որից հետո քննարկումները շարունակվեցին աշխատանքային ճաշի ձեւաչափով:

Թեհրանում նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաեւ ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի հետ:

Էդվարդ Նալբանդյանն ու Սաիդ Ջալիլին անդրադարձան երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտներին:

Զրուցակիցները անդրադարձան երկու երկրների անվտանգության խորհուրդների միջեւ հաստատված համագործակցությունը:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանում անվտանգության ապահովման խնդիրների շուրջ:

Սաիդ Ջալիլիի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանն այցելեց Իրանահայոց թեմի առաջնորդարան, ուր հանդիպում ունեցավ իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում տեղի ունեցած զարգացումները, պատասխանեց իրանահայությանը հուզող բազմաթիվ հարցերի:

 

Տպել էջը