Հայաստանի Հանրապետության Անկախության 19-րդ ամյակին նվիրված միջոցառումներ Արգենտինայում

23 սեպտեմբերի, 2010

 Սեպտեմբերի 21-ին Բուենոս Այրեսի «Արմենիա» փողոցի վրա գտնվող «Սիրանուշ» հանդիսությունների սրահում Արգենտինայում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի անկախության 19-րդ տարեդարձին:
Իրենց շնորհավորանքները դեսպան Կարմիրշալյանին հայտնեցին Արգենտինայի կառավարության ու Ազգային կոնգրեսի անդամներ, նահանգային եւ մայրաքաղաքի իշխանությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ, արտաքին գործերի նախարարության ղեկավար պաշտոնյաներ, Արգենտինայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ընդունելությանը ներկա էին Արգենտինայի գիտական, կրթական եւ մշակութային շրջանակների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ արգենտինահայ համայնքի բոլոր կառույցների ներկայացուցիչներ, ազգային բարերարներ, հայտնի գործարարներ, արվեստագետներ, լրագրողներ:
Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ Հայաստանի դեսպանին եւ նրա միջոցով` ՀՀ կառավարությանն ու հայ ժողովրդին շնորհավորական ուղերձներ էին հղել Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչները, արտաքին գործերի նախարար Հեկտոր Թիմերմանը, այլ պետական ու քաղաքական գործիչներ:

Տպել էջը