Հայաստանի Հանրապետության Անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Ուկրաինայում
23 սեպտեմբերի, 2010 Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն, որին մասնակցում էին Ուկրաինայի Նախագահի աշխատակազմի, կառավարության անդամներ, Գերագույն Ռադայի պատգամավորներ, Կիեւի քաղաքապետը, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների, գիտության, մշակույթի, ստեղծագործական միությունների եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ընդունելությանը ներկա էին նաեւ Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչներ, ՌԴ, Ֆրանսիայի, Իրանի եւ այլ երկրների դեսպաններ, ԱՄՆ դեսպանի առաջին տեղակալը, դիվանագիտական կորպուսի անդամներ:
Ողջունելով հյուրերին` Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը նշեց. «Անկախությունը մեր ժողովրդի դարավոր երազանքն էր, որը հնարավորություն է տալիս ազատ եւ անկախ կառուցել մեր երկրի ապագան»:
Անդրադառնալով հայ եւ ուկրաինացի ժողովուրդների բարեկամությանը` նա ընդգծեց, որ այն ունի հազարամյա պատմություն եւ այդ ժամանակաընթացում հայերը վիթխարի ներդրում են ունեցել եւ այսօր էլ շարունակում են ունենալ Ուկրաինայի զարգացման գործում:
Դիմելով հայրենակիցներին` դեսպանը շեշտեց, որ անկախությունը բարձրագույն արժեք եւ մեծագույն բարիք է եւ կոչ արեց ակտիվորեն մասնակցել Հայաստանի պետականության զարգացման ու ամրապնդման գործին: