Հայաստանի Հանրապետության Անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Ռուսաստանում
24 սեպտեմբերի, 2010 Սեպտեմբերի 23-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը Անկախության օրվա կապակցությամբ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում հանդես է եկել դասախոսությամբ «ՀՀ արտաքին քաղաքականության հիմնախնդիրները եւ հայ-ռուսական հարաբերությունները» թեմայով:
Դեսպանը ողջունելով ներկաներին` նշել է, որ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը դարբնոց է հմուտ մասնագետների պատրաստման գործում, եւ մեծ պատիվ եւ պատասխանատվություն է այդ ինստիտուտի ուսանող լինելը: Ելույթում դեսպանը հանգամանալից ներկայացրել է արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացը, պարզաբանել հայկական կողմի դիրքորոշումը:
Հանդիպմանը մասնակցել են ինստիտուտի կովկասյան հետազոտությունների կենտրոնի վերլուծաբաններ, դասախոսական կազմը, ուսանողներ, Մոսկվայի այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:
Սեպտեմբերի 21-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը
կազմակերպել է ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Անկախության 19-րդ տարեդարձին:
Ընդունելությանը մասնակցել են ՌԴ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, ՌԴ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ եւ լրագրողներ:
Օլեգ Եսայանը շնորհավորել է ներկաներին Անկախության օրվա կապակցությամբ եւ նշել, որ 1991թ.սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության հռչակումը դարձավ Հայաստանի նորագույն պատմության մեջ եւ ողջ հայ ժողովրդի համար անհրաժեշտ նախադրյալ միջազգային քաղաքական ասպարեզ վերադառնալու համար: Դեսպանն ընդգծեց, որ խաղաղության պահպանումը եւ տարածաշրջանային սերտ համագործակցությունը Հայաստանը համարում է արդյունավետ միջոց համընդանուր զարգացման նաեւ խնդիրների եւ տարաձայնությունների աստիճանական լուծման համար:
Ընդունելությանը ելույթ է ունեցել նաեւ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը, ով նշել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ գոյություն ունեցող ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը: