Հայաստանի Հանրապետության Անկախության 19-րդ ամյակին նվիրված միջոցառումներ Հնդկաստանում

25 սեպտեմբերի, 2010

 Սեպտեմբերի 21-ին Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի շենքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 19-ամյա տարեդարձին նվիրված երեկո, որին մասնակցել են` Հայր Խորեն Հովհաննիսյանը, եկեղեցական խորհրդի անդամները, Հայաստանի դեսպան Արա Հակոբյանը, ճեմարանի սաները, հնդկահայոց համայնքի անդամները եւ տեղական մամուլի ներկայացուցիչները:

Երեկոն մեկնարկել է ճեմարանի սաների հեղինակած նկարների ցուցահանդեսով, որին հաջորդել է Հայաստանին նվիրված վավերագրական ֆիլմի ցուցադրում: Այնուհետեւ իր ելույթում դեսպանը շնորհավորել է ներկաներին Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ, երախտագիտության խոսքեր հայտնել հնդկահայոց համայնքին Հայաստանին ցուցաբերված աջակցության համար եւ համոզմունք հայտնել, որ Հայաստան-Սփյուռք համագործակցության հետագա խորացումը կշարունակի իր նպաստը բերել Մայր Հայրենիքի եւ հայոց անկախ պետականության հետագա հզորացմանը եւ սփյուռքահայ գաղթօջախների պահպանմանն ու զարգացմանը:

Սեպտեմբերի 22-ին հնդկահայոց հոգեւոր հովիվը եւ ՀՀ դեսպանը ուխտագնացություն են կատարել 1695թ. Չինսուրա քաղաքում հիմնադրված Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցի: Սուրբ Հովհաննես եկեղեցուն կից գերեզմանատանը գտնվում են Արցախի վերջին մելիքներից Ֆրիդոն Մելիք Բեգլարյանի եւ նրա հետնորդների գերեզմանները:

Տպել էջը