Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
26 սեպտեմբերի, 2010Սեպտեմբերի 25-ին Նյու-Յորքում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի ընդհանուր դեբատների շրջանակներում:
Իր ելույթում Հայաստանի արտգործնախարարն անդրադարձ կատարեց
ՄԱԿ-ի եւ Գլխավոր ասամբլեայի գործունեությանը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման կարեւորությանը, ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացին, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին եւ սադրիչ գործողություններին, ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված ՄԱԿ-ի կողմից ձեռնարկվող քայլերի կարեւորությանը, ինչպես նաեւ Թուրքիայի դիրքորոշման պատճառով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կասեցմանը:
Նույն օրը Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունին:
Բան Կի-մունը բարձր գնահատեց Հայաստանի դերակատարությունը ՄԱԿ-ի նպատակների իրականացման գործում եւ մասնակցությունը Հազարամյակի զարգացման նպատակների գագաթաժողովին:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշեց, որ ինքը սատարում է շփման գծից դիպուկահարների հետքաշմանը, ինչը զգալիորեն կնպաստի զինադադարի ամրապնդմանը: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ կիսում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեսակետը եւ հույս հայտնեց, որ Ադրբեջանը եւս կընդունի այս կապակցությամբ բազմիցս արված առաջարկությունը:
Ներկայացնելով մեկ տարի առաջ Հայաստանի արտգործնախարարի եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի միջեւ կայացած հանդիպումից ի վեր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման ճանապարհին տեղի ունեցած զարգացումները` Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հայ-թուրքական կարգավորման գործընթացին ցուցաբերած անվերապահ աջակցության համար:
Ավարտելով այցելությունը Նյու-Յորք` Էդվարդ Նալբանդյանը մեկնեց Բոստոն, ուր նախատեսված է նրա ելույթը Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում եւ հանդիպումը հայ համայնքի հետ: