Հայաստանի Հանրապետության Անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Լիբանանում

28 սեպտեմբերի, 2010

 Սեպտեմբերի 27-ին Հայաստանի դեսպանությունը Բեյրութի Բրիստոլ հյուրանոցում կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի անկախության 19-րդ տարեդարձին: Ընդունելությանը ներկա էին Լիբանանի նախագահի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունյանը, Լիբանանի վարչապետի ներկայացուցիչ Մոհամմեդ Կաբբանին, կառավարության եւ խորհրդարանի անդամներ, արտաքին գործերի նախարարության ղեկավար պաշտոնյաներ, Բեյրութի քաղաքապետը, բարձրաստիճան զինվորականներ, կրոնական առաջնորդներ, Լիբանանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտական, կրթական եւ մշակութային շրջանակների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ լիբանանահայ համայնքի բոլոր կառույցների ներկայացուցիչներ, ազգային բարերարներ, հայտնի գործարարներ, արվեստագետներ, լրագրողներ:
Ընդունելության ժամանակ ելույթով հանդես է եկել Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա անդրադարձել է Հայաստանի անկախության տարիների ընթացքում արձանագրված հաջողություններին եւ մարտահրավերներին, հայ-լիբանանյան ավանդաբար բարեկամական հարաբերություններին, հայ համայնքի կարեւոր դերակատարությանը Հայաստան-Լիբանան գործընկերության խորացման համատեսքստում:
Հայաստանի անկախության առթիվ դեսպան Քոչարյանը հարցազրույցներ է տվել լիբանանյան LBC ռադիոկայանին, ռադիո Սեւան-ին եւ Վանա ձայն-ին, Revue du Liban, Monday Morning ամսագրերին: Դեսպանի ուղերձը ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ տպագրվել է հայկական լրատվամիջոցներում:
Տոնի առթիվ Հայաստանի դեսպանությունը ստացել է շնորհավորական ուղերձներ պետական, քաղաքական եւ հասարակական գործիչներից, անհատներից, Բեյրութում հավատարմագրված դեսպանություններից: Դեսպանին սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ իր ջերմ շնորհավորանքներն է փոխանցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը:

Տպել էջը