Հայաստանի Հանրապետության Անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Ճապոնիայում
01 հոկտեմբերի, 2010Սեպտեմբերի 30-ին Տոկիոյի «Իմպերիալ հոթել» հյուրանոցում Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի անկախության 19-րդ տարեդարձին, ինչպես նաեւ Ճապոնիայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության հիմնադրմանը:
Ընդունելությանը ներկա էին Ճապոնիայի արտաքին գործերի փոխնախարարներ պարոն Հիսաշի Տոկունագան եւ Կորո Բեսշեն, Ճապոնիայի խորհրդարանի անդամներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ` ի դեմս Ճապոնիայի ԱԳՆ-ի, միջազգային համագործակցության գործակալության (JICA) եւ Ճապոնիայի արտաքին առեւտրի կազմակերպության (JETRO) ղեկավարության: Հայ ժողովրդին ուղղված շնորհավորանքներին միանալու նպատակով ընդունելությանը ներկա էին նաեւ դիվանագիտական ներկայացուցչությունների մի քանի տասնյակ ղեկավարներ, Ճապոնիա-Հայաստան ընկերակցության, ճապոնահայկական բարեկամության միության անդամներ, ինչպես նաեւ երկրի ֆինանսատնտեսական, գիտական, կրթական եւ մշակութային շրջանակների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, խոշոր համալսարանների ղեկավարներ, գործարարներ, արվեստագետներ, լրագրողներ:
Այս հանդիսավոր առիթով ընդունելության մասնակիցներին ողջույնի խոսք հղելով` դեսպանության խորհրդատու Հրանտ Պողոսյանն ընդգծեց, որ թեեւ հայ-ճապոնական բարեկամությունն ունի բազմաթիվ պատմական, մշակութային եւ տնտեսական արմատներ, Տոկիոյում Հայասանի դիվանագիտական առաքելության հիմնադրումը կարեւոր հանգրվան է Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ հարաբերությունների խորացման գործում: Նա նշեց, որ այս 19 տարվա ընթացքում Ճապոնիայի ժողովուրդը մշտապես կանգնած է եղել Հայաստանի կողքին` իր աջակցությունը ցուցաբերելով Հայաստանի տնտեսական, սոցիալական, կրթական եւ մշակութային ներուժին:
Պատասխան ելույթում Ճապոնիայի փոխարտգործնախարար Հիսաշի Տոկունագան շնորհավորեց Հայաստանի ժողովրդին Ազգային տոնի առթիվ եւ ողջունեց Հայաստանի ղեկավարության որոշումը Տոկիոյում դեսպանություն հիմնելու կապակցությամբ, հույս հայտնելով, որ այս քայլն էլ ավելի կնպաստի հայ-ճապոնական հարաբերությունների մակարդակի բարձրացմանը եւ զանազան ոլորտներում համագործակցության խորացմանը:
Ընդունելությունը ուղեկցվեց Կոմիտասի, Խաչատրյանի եւ Բաղդասարյանի ստեղծագործություններով, որոնք կատարեցին ճապոնաբնակ հայ եւ ճապոնացի երաժիշտներ: