Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեի հանդիպումը

04 հոկտեմբերի, 2010

 Հոկտեմբերի 4-ին կայացավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը աշխատանքային այցով Երեւանում գտնվող Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ:

Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցի ձեւաչափով, ապա շարունակվեց պատվիրակությունների մասնակցությամբ:

Ողջունելով Գրիգոլ Վաշաձեին եւ նրա գլխավորած պատվիրակությանը` Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց երկու արտգործնախարարությունների միջեւ կանոնավոր շփումները` նշելով, որ դա ամուր հիմք է ծառայում փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման համար:

Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարները հանգամանալից քննարկեցին երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Անդրադարձ կատարվեց երկու երկրների նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, տնտեսական, տրանսպորտային եւ էներգետիկ բնագավառներում համագործակցությանը, զբոսաշրջության զարգացմանը, գործարար համաժողովների կազմակերպմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացմանը:

Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին նաեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման շուրջ:
Հայկական կողմի նախաձեռնությամբ անդրադարձ կատարվեց նաեւ վիրահայությանն առնչվող մի շարք հարցերի, մասնավորապես` կրթության եւ հայկական մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցերի:
Հայ-վրացական մշակութային համագործակցության քննարկման ենթատեքստում նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց մշակութային ոլորտում արձանագրված փոխանակումների ակտիվացման կապակցությամբ: Կարեւորվեց կուտակած դրական փորձի շարունակականության ապահովումը:

Նախարարների հանդիպմանը հետեւեց համատեղ մամուլի ասուլիս:

Գրիգոլ Վաշաձեն Վրաստանի արտաքին քաղաքականության մասին դասախոսությամբ հանդես եկավ նաեւ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների առջեւ:

Տպել էջը