Հայաստանի Հանրապետության Անկախության 19-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Թուրքմենստանում

14 հոկտեմբերի, 2010

 Հոկտեմբերի 12-ին Աշխաբադի «Պրեզիդենտ» հյուրանոցի սրահում Թուրքմենստանում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել է հանդիսավոր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձին:

Ընդունելությանը մասնակցել են Թուրքմենստանի Մեջլիսի նախագահ տիկին Ակջա Նուրբերդիեւան, Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, Աշխաբադում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ռազմական կցորդներ, դիվանագետներ, Թուրքմենստանում խոշոր ընկերությունների ներկայացուցչությունների ղեկավարներ, Թուրքմենստանի գործարար շրջանակները, Հայրենական Մեծ Պատերազմի հայազգի վետերաններ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, Թուրքմենստանի Աշխաբադ, Մարի եւ Թուրքմենբաշի քաղաքների հայկական կիրակնօրյա դպրոցների սաներն ու դասատուները:

Ընդունելությանը բացման խոսք է ասել Թուրքմենստանում Հայաստանի դեսպան Վլադիմիր Բադալյանը: Դեսպանը շնորհավորել է ներկաներին Անկախության օրվա կապակցությամբ եւ անդրադարձել հայկական պետականության կայացման կարեւոր հանգրվաններին, հայ-թուրքմենական հարաբերությունների պատմությանը, ընդգծել է նաեւ միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի աշխատանքի կարեւորությունը բոլոր բնագավարներում երկու պետությունների փոխշահավետ կապերի ամրապնդման համար:

Թուրքմենստանի Մեջլիսի նախագահ տիկին Ակջա Նուրբերդիեւան հայ ժողովրդին է փոխանցել Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ջերմագին շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները:
Ակջա Նուրբերդիեւան մեկ անգամ եւս հիշեցրել է հայ եւ թուրքմեն ժողովուրդների բարեկամության պատմական արմատների, մշակութային դարավոր կապերի մասին, ընդգծել նոր ժամանակներում քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտներում փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:

Տպել էջը