Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Լիտվայի սեյմի փոխնախագահին

18 հոկտեմբերի, 2010

 Հոկտեմբերի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լիտվայի սեյմի փոխնախագահ, հայ-լիտվական միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ալգիս Կաշետային:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանի եւ Լիտվայի միջեւ հաստատվել են բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն եւ արդյունավետ համագործակցություն միջազգային կազմակերպություններում:

Երկուստեք ընդգծվեց առեւտրատնտեսական համագործակցության աշխուժացման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները հանգամանալից անդրադարձան Հայաստանի եւ Լիտվայի միջեւ խորհրդարանական համագործակցության զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում երկու երկրների պատվիրակությունների փոխգործակցությանը:

Անդրադարձ կատարվեց նաեւ մի շարք երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի, Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցությանը:

Նախարար Նալբանդյանը եւ փոխնախագահ Կաշետան մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի, առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ:

Տպել էջը