Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին

21 հոկտեմբերի, 2010

 Հոկտեմբերի 21-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, ով Հայաստանում է գտնվում Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը կարեւորեց Երեւանում Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումի անցկացումը եւ ընդգծեց, որ այն լավ հնարավորություն ընձեռեց Եվրոպայում ժողովրդավարության զարգացման շուրջ կարծիքների փոխանակման համար:

Իր հերթին Թորբյորն Յագլանդը նշելով, որ Հայաստանը կանգնած է «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումի ակունքներում, շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանություններին բարձր մակարդակով ֆորումը կազմակերպելու համար:

Նախարար Նալբանդյանը Հայաստանի աջակցությունը հայտնեց Եվրոպայի Խորհրդի բարեփոխման գործընթացին` նշելով, որ դա անհրաժեշտ է կազմակերպության գործունեությունը առավել արդյունավետ դարձնելու համար:

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները` ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, եւ հիմնահարցն այլ հարթակներ տեղափոխելը վնաս կհասցնի ընթացող բանակցային գործընթացին:

Տպել էջը