Բուլղարիայում տեղի է ունեցել Յուլիան Անգելովի «Հայերի առօրյան եւ տոները» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը
05 նոյեմբերի, 2010Նոյեմբերի 3-ին Բուլղարիայի մշակույթի նախարարության «Սրեդեց» ցուցասրահում տեղի է ունեցել տաղանդաշատ արվեստագետ եւ հայերի մեծ բարեկամ Յուլիան Անգելովի «Հայերի առօրյան եւ տոները» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը:
Այն կազմակերպվել էր 2010թ. «Բուլղարիայում Հայաստանի մշակութային տարի» փառատոնի շրջանակներում` ԲՀ մշակույթի նախարարության, ԲՀ-ում ՀՀ դեսպանության անմիջական մասնակցությամբ, բուլղարահայ համայնքի օժանդակությամբ, ինչպես նաեւ «UniCredit Bulbank»-ի ֆինանսական հովանավորությամբ:
Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը ելույթներով հանդես եկան ԲՀ մշակույթի փոխնախարար Դիմիտր Դերելիեւը, ԲՀ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Հասմիկ Դաշտոյանը եւ ցուցահանդեսի հեղինակ Յուլիան Անգելովը:
ԲՀ մշակույթի փոխնախարարն, անդրադառնալով հայ- բուլղարական դարավոր բարեկամությանը, ավելացրեց, որ Բուլղարիայի եւ Հայաստանի միջեւ կապերը նույնքան հինավուրց ու ամուր են, որքան երկու ժողովուրդները եւ բուլղարահայ համայնքը: Նշվեց նաեւ,որ Բուլղարիայում հաստատված հայերի ճակատագիրը միահյուսվել է բուլղարացիների պատմությանը, ինչի արդյունքում ստեղծվել է կենցաղի, սովորույթների եւ ավանդույթների ընդհանրություն:
Կարեւորելով երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված ջերմ հարաբերությունները` խորհրդական Դաշտոյանը նշեց, որ Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ Բուլղարիայի ջերմ վերաբերմունքը մեծապես պայմանավորված է նաեւ բուլղարահայության կեցվածքով եւ նկարագրով, եւ որ ի դեմս «Հայերի առօրյան եւ տոները» խորագրով ցուցահանդեսի, հեղինակին իրապես հաջողվել է իր լուսանկարներով փոխանցել հայ ժողովրդի կենսակերպը, նրա կենցաղը, ավանդույթները:
Յուլիան Անգելովի «Հայերի առօրյան եւ տոները» խորագրով ցուցահանդեսը նոյեմբերի 10-ին կցուցադրվի նաեւ Սիլիստրայում` «Սուրբ Աստվածածին» եկեղեցու 390-րդ տարեդարձին նվիրված հանդիսությունների ժամանակ: