ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այցելեց Կալկաթա

13 նոյեմբերի, 2010

Հնդկաստանում պաշտոնական այցելությամբ գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 12-ին ժամանեց Կալկաթա:

Կալկաթայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արեւմտյան Բենգալի նահանգապետ Մայանկոտե Կելաթ Նարայանանին, ում հետ քննարկեց Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման հնարավորությունները` Արեւմտյան Բենգալ նահանգի եւ Հայաստանի մարզերից մեկի միջեւ փոխգործակցության հաստատման հեռանկարները:

Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց նահանգում հարուստ հայկական մշակութային ժառունգության առկայությունը` հինգ եկեղեցի եւ շուրջ երկու հարյուրամյակի պատմություն ունեցող դպրոց եւ ընդգծեց, որ նահանգի իշխանությունները շարունակ հոգատարությամբ են վերաբերվել Արեւմտյան Բենգալում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանը: Նահանգապետ Նարայանան պատրաստակամություն հայտնեց շարունակել այդ ուղղությամբ:

Էդվարդ Նալբադյանը այցելեց նաեւ Կալկաթայի հայկական դպրոց, ուր հանդիպեց կրթօջախի ուսուցիչների եւ այնտեղ սովորող շուրջ ութ տասնյակ աշակերտների հետ:

Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ հնդկահայոց հոգեւոր հովիվ Խորեն Հովհաննիսյանը նշեց, որ Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որ այցելում է Կալկաթայի հայկական դպրոց, ինչը խորհրդանշական է եւ վկայում է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը ՀՀ իշխանությունների կողմից տրվող կարեւորության մասին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ելույթ ունեցավ կրթօջախի սաների առջեւ, պատասխանեց բազմաթիվ հարցերի:

Կալկաթայում Էդվարդ Նալբանդյանը այցելեց Հնդկահայոց թեմի առաջնորդարան` Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցի:

Նախարար Նալբանդյանը եղավ նաեւ Կալկաթայում Մայր-Թերեզայի կողմից հիմնված միաբանությունում, որի տարածքում է գտնվում նաեւ Մայր-Թերեզայի շիրիմը եւ հարգանքի տուրք մատուցեց նրա հիշատակին: Միաբանության առաջնորդների հետ զրույցի ընթացքում, Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն հայտնեց 1988 թ. Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնության հասցնելու գործում Մայր-Թերեզայի ջանքերի համար:
 

Տպել էջը