Հայաստանի եւ Չինաստանի արտգործնախարարների հանդիպումը

17 փետրվարի, 2011

Փետրվարի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ պաշտոնական այցով Երեւանում գտնվող Չինաստանի արտգործնախարար Յան Ձիեչիին:

Ողջունելով Յան Ձիեչիին` Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Չինաստանի արտգործնախարարի այցելությունը Երեւան վկայում է երկու երկրների միջեւ վերջին տարիների դինամիկ եւ ակտիվ հարաբերությունների մասին:

Նախարարները համակարծիք էին, որ երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդեց անցյալ տարի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի` Չինաստան կատարած այցելությունը եւ հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինտաոյի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների Նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, համագործակցության գոյություն ունեցող ոլորտներն առավել ընդլայնելու եւ նորերն ընդգրկելու հնարավորությունները:

Հայաստանի եւ Չինաստանի արտգործնախարարները կարեւորեցին երկու երկրների միջեւ բարձր մակարդակի շփումների պարբերական բնույթը եւ համոզմունք հայտնեցին, որ դրանք նոր թափ կհաղորդեն մեր հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը:

Հանգամանալից քննարկվեց միջազգային խնդիրների լայն շրջանակ: Տարածաշրջանային հարցերի քննարկման ենթատեքստում նախարար Նալբանդյանն իր չինացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները եւ նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Չինաստանի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:

Չինաստանի ԱԳ նախարարն իր հերթին շնորհակալություն հայտնեց Հայաստանի ավանդական` «Մեկ Չինաստանի» վերաբերյալ դիրքորոշման համար:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց առեւտրատնտեսական հարաբերությունների խթանմանը, իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը, տրանսպորտի, էներգետիկայի, հումանիտար, մշակութային ու կրթական փոխանակումների ընդլայնմանը եւ ապակենտրոնացված համագործակցությանը վերաբերող հարցերին:

Էդվարդ Նալբանդյանն ու Յան Ձիեչին կարեւորեցին տնտեսական բնագավառում փոխգործակցության զարգացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը, ընդգծելով, որ երկկողմ տնտեսական կապերի զարգացման կարեւոր վկայություն է Չինաստանի Շանսի նահանգում Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայությամբ հայ-չինական «Շանսի Նաիրիտ» համատեղ ձեռնարկության գործարկումը, Հայաստանում Չինաստանի կողմից իրականացվող տնտեսական ծրագրերը: Անդրադարձ կատարվեց հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի նախապատրաստական աշխատանքներին:

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Չինաստանի կառավարության շարունակական տեխնիկական աջակցության համար, որի շնորհիվ միայն այս տարի կտրամադրվեն մոտ ութ տասնյակ շտապ օգնության մեքենաներ, հետագայում՝ նաեւ մի քանի տասնյակ ավտոբուսներ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղեկացրեց, որ օրերս ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել Չինաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ եւ համոզմունք հայտնեց, որ այդ որոշումը նոր թափ կհաղորդի գործարար, մշակութային եւ կրթական փոխանակումներին:

Չինաստանի արտգործնախարարը բարձր գնահատեց Երեւանի օտար լեզուների համալսարանում գործող Կոնֆուցիոսի կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքները՝ չինական լեզվի եւ մշակույթի տարածման գործում:
Զրուցակիցները պայմանավորվեցին միջոցառումներ կազմակերպել երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Նախարարները հանգամանալից քննարկեցին Հայաստանի եւ Չինաստանի ԱԳՆ-ների միջեւ անցկացվող խորհրդատվությունների ակտիվացմանը, միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցության սերտացմանը վերաբերող հարցեր:

Հանդիպումից հետո նախարարները հանդես եկան մամուլի համար հայտարարություններով:

Տպել էջը