Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակի արարողություններ ամբողջ աշխարհում

28 փետրվարի, 2011

Դամասկոսում տեղի է ունեցել Սումգայիթյան ջարդերի 23-րդ տարելիցին
նվիրված ոգեկոչման պատարագ

Փետրվարի 27-ին Սիրիայում Հայաստանի դեսպանության կազմակերպմամբ Դամասկոսի Հայ Առաքելական եւ Կաթողիկե առաջնորդների հովվապետությամբ Դամասկոսի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ ոգեկոչման պատարագ` նվիրված Սումգայիթյան ջարդերի 23-րդ տարելիցին, ապա եկեղեցու բակում գտնվող Ցեղասպանության հուշարձանի մոտ` հոգեհանգստյան պաշտոն:

Արարողությանը մասնակցեցին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը, դեսպանության անձնակազմը, Հայաստանի քաղաքացիներ, Դամասկոսի հայ համայնքի մշակութային, կրթական ու մարզական միությունների ղեկավարներ, բազմաթիվ սիրիահայեր:


Բեյրութում տեղի է ունեցել Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի
հիշատակին նվիրված հոգեհանգիստ

Փետրվարի 27-ին Անթիլիասի Մայրավանքի Մայր տաճարում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի նախագահությամբ տեղի ունեցավ հոգեհանգիստ` նվիրված 1988թ. Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակին:

Այնուհետեւ Մայրավանքի Վեհարանի սրահում կազմակերպված հանդիսության ժամանակ ելույթներով հանդես եկան Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը եւ Կաթողիկոս Արամ Ա-ը:

Հռետորներն իրենց ելույթներում անդրադարձան 23 տարի Ադրբեջանի Սումգայիթ արդյունաբերական քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին: Մասնավորապես նշվեց, որ 1988 թվականը Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ եղավ շրջադարձային: Արցախի ժողովուրդը ձայնը բարձրացրեց սեփական իրավունքների ու ազատության պաշտպանության օգտին: Քաղաքակիրթ եւ օրինական յուրաքանչյուր գործողությանը հետեւում էր բռնության ծավալում, հայ ազգաբնակչության իրավունքների զանգվածային եւ համատարած ոտնահարում, բռնություններ եւ կոտորածներ, տեղահանում, ժողովրդավարական բռնանվաճում, տնտեսական շրջափակում: Հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացվեց ամենադաժան էթնիկ զտումների տեղահանման քաղաքականություն եւ պետականորեն կազմակերպված հանցագործություն:

Ընդգծվեց, որ միջազգային հանրությունը քաղաքական եւ իրավական լիարժեք գնահատական չի տվել կատարվածին: Մինչդեռ ամեն հնարավորն արվեց հանցագործությունների հանգամանքները թաքցնելու եւ խեղաթյուրելու համար: Իսկ փաստագրական ապացույցները, ականատեսների վկայությունները, հավաքված փաստերը հանգեցնում էին միակ աներկբա եզրակացության. ջարդերը, հանցագործություններն ու վայրագություններն իրականացվել էին Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Ելույթ ունեցողները դատապարտեցին Ադրբեջանի իշխանություններին նրա համար, որ անկախության հռչակումից անմիջապես հետո նրանք բանտերից ազատեցին դատապարտված մարդասպաններին եւ հրապարակայնորեն նրանց հռչակեցին ազգային հերոսներ:

Ելույթ ունեցողները նշեցին, որ Լեռնային Ղարաբաղը, որն իրեն պարտադրված պատերազմի ընթացքում արյան գնով պաշտպանել է իր ազատության իրավունքը, ներկայումս կայացած պետություն է: Արցախը չնայած բոլոր դժվարությունների, ծանր փորձությունների, առաջընթաց է ապրում, ապրեցնում է պետական – ժողովրդավարական ինստիտուները, զարգացնում իր տնտեսությունն ու մշակույթը, պաշտպանում խաղաղությունը:

Հռետորների համոզմամբ, միջազգային հանրությանը վերջնականապես եւ մեկընդմիշտ պետք է պարզ լինի, որ Ադրբեջանն է սկսել զինված ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի: Ելույթ ունեցողները միակարծիք էին, որ ժամանակակից մարտահրավերները կարելի է հաղթահարել միասնաբար Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հզոր ներուժով, համերախշությամբ եւ նվիրումով:

Հոգեհանգստյան արարողությանն ու հանդիսությանը ներկա էին նախարարներ, պատգամավորներ, հյուրեր ԼՂՀ-ից, Լիբանանի հայկական բոլոր քաղաքական, բարեսիրական եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ եւ անդամներ, լիբանանահայ համայնքի հարյուրավոր հավատացյալներ, ներկայացուցիչներ ակադեմիական եւ գիտական շրջանակներից:

Դեսպան Քոչարյանը վերջին օրերի ընթացքում Սումգայիթյան ջարդերի մասին հարցազրույցներ է տվել Ազդակ օրաթերթին, Վանա Ձայն եւ Ռադիո Սեւան ռադիոկայաններին, Future TV-ին: Սումգայիթյան ոճրագործությունների մասին նյութերը փոխանցվել են տեղական լրատվամիջոցներին, նրանք զետեղվել են նաեւ Ազդակ օրաթերթի արաբերեն լեզվի կայքէջում: Ազդակ թերթի արաբերեն լեզվի կայքէջում Խոջալուի եւ Սումգայիթի մասին տեղադրված նյութերը տպագրել են նաեւ արաբերեն լեզվով լույս տեսնող մի շարք կայքէջեր:


Հալեպի եկեղեցիներում պատարագ է մատուցվել Սումգայիթի զոհերի հիշատակին

Փետրվարի 27-ին` կիրակի առավոտյան, Հալեպում Հայ Առաքելական Սբ. Քառասնից Մանկաց, Սբ. Մարիամ Աստվածածին, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եւ Սբ. Գեւորգ եկեղեցիներում պատարագ է մատուցվել քսաներեք տարի առաջ Սումգայիթում Ադրբեջանի ջարդարարների ձեռքով ցեղասպանության ենթարկված հայ անմեղ զոհերի հիշատակին:

Սբ. Աստվածածին եկեղեցում կրոնական արարողությանը ներկա են գտնվել Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Աշոտ Մանուկյանը եւ հյուպատոսության անձնակազմը:


Բեռլինում տեղի են ունեցել Սումգայիթի զոհերի հիշատակի
23-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Փետրվարի 27-ին Բեռլինում տեղի ունեցան Սումգայիթի զոհերի հիշատակի
23-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ:

Միջոցառումները մեկնարկեցին Բեռլինի Հումբոլդի համալսարանի մոտ, որտեղից մասնակիցները երթով ուղղվեցին դեպի Բրանդենբուրգյան դարպասներ: Այնտեղ կազմակերպվեց բողոքի ակցիա, որի ընթացքում բարձրացվեցին Ադրբեջանի ոճրագործությունը դատապարտող պաստառներ, թռուցիկներ բաժանվեցին անցորդներին:

Այնուհետեւ, Բեռլինի Սուրբ Լուիզեն եկեղեցիում Գերմանիայի հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Արքեպիսկոպոս Բեքչյանը մատուցեց Սուրբ Պատարագ, որին հետեւեց զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն` ակնառու գիտնականների, կրոնական գործիչների, մտավորականների եւ եկեղեցական երգչախմբի մասնակցությամբ: Արարողությանը ելույթով հանդես եկան Գերմանահայ կենտրոնական խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանը,
ԳԴՀ-ում ԼՂՀ ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը, Բեռլինի հայ եկեղեցական եւ մշակութային միության նախագահ Պետրոս Դիկիչյանը, ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Միջոցառման ընթացքում հնչեցին ազգային եւ կրոնական երաժշտական կատարումներ:


Սանկտ-Պետերբուրգում նշվել է Սումգայիթի ողբերգական
իրադարձությունների տարելիցը

Փետրվարի 27-ին Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքը նշեց Սումգայիթի ողբերգական իրադարձությունների տարելիցը: Առավոտյան եկեղեցում մատուցվեց ջարդերի զոհերի հիշատակին նվիրված պատարագ: Միջոցառմանը մասնակցեցին Սանկ-Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, հյուպատոսության աշխատակիցներ, Սանկտ-Պետերբուրգի բարձրագույն զինվորական ուսումնական հաստատություններում սովորող հայ սպաներ եւ ունկնդիրներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Պատարագի ավարտին Հայ Առաքելական եկեղեցուն առընթեր կիրակնօրյա դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Սումգայիթի ջարդերի մասին ֆիլմի ցուցադրում, որից հետո խոսքով հանդես եկան Սանկտ-Պետերբուրգի եւ Հյուսիս-արեւմտյան տարածաշրջանի հայ համայնքի հոգեւոր հովիվ ս.հ. Նշան Պետրոսյանը, ՀՀ Գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, ինչպես նաեւ ջարդերը վերապրած նախկին սումգայիթցիներ եւ բաքվեցիներ: Ելույթ ունեցողներն, անդրադառնալով Սումգայիթի ոճրագործություններին եւ որակելով դրանք որպես ցեղասպանություն, դատապարտեցին Ադրբեջանի իշխանությունների հայատյած քաղաքականությունը եւ շեշտեցին, որ նմանօրինակ հանցագործությունները ժողովրդի, ազգի, մարդկության դեմ պետք է ժամանակին իրենց արժանի գնահատականը ստանան համայն մարդկության կողմից£

Այնուհետեւ Սբ. Կատարինա Հայ Առաքելական եկեղեցու բակում կայացավ ցույց ի հիշատակ Սումգաիթի ջարդերի զոհերի: Միեւնույն ժամանակ հայ երիտասարդները Նեւսկի պողոտայի վրա տեղադրել էին Սումգայիթի ցեղասպանությունը դատապարտող պաստառներ` գրավելով անցորդների մեծ ուշադրությունը:

 

Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում Մոսկվայում

Փետրվարի 28-ին Մոսկվայի Սբ. Հարություն եկեղեցու տարածքում Սումգայիթի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի դիմաց տեղի ունեցավ ծաղկեփսակ դնելու արարողությունն` ի հիշատակ 1988թ. փետրվարին Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների վայրագությունների արդյունքում զոհված անմեղ հայ բնակչության:

Սումգայիթի ջարդերի 23-րդ տարելիցին նվիրված արարողությանը մասնակցում էին Ռուսաստանում Հայաստանի դեսպանության աշխատակիցները` դեսպան Օլեգ Եսայանի գլխավորությամբ, ՂԼՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ՌԴ-ում ԼՂՀ ներկայացուցիչն ու ներկայացուցչության աշխատակիցները, տեղի հայկական հասարակական կազմակերպությունների անդամները, մոսկովյան բուհերի հայ ուսանողներն ու Մոսկվայում բնակվող հայեր:

Հիշատակման արարողությունից հետո ելույթով հանդես եկավ ՀԱԵ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը՝ նշելով, որ 88-ին Սումգաիթում տեղի ունեցածը հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերից է, եւ աշխարհասփյուռ հայությունն ու մայր Հայաստանը երբեւէ չեն մոռանա կատարվածը:

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանն իր խոսքը հղեց ներկաներին՝ նշելով, որ Սումգայիթում տեղի ունեցածը պետք է որակել որպես եղեռն՝ շարունակությունը 1915թ. Մեծ Եղեռնի: Օլեգ Եսայանի խոսքով՝ Սումգայիթի ջարդերը նպատակ էին հետապնդում կասեցնելու Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու եւ Հայկական ԽՍՀ-ին միանալու հայերի ձգտումներն ու թեւաթափ անելու պատմական արդարության վերականգնմանն ուղղված հայության արդարացի մղումները: «Այդուհանդերձ, ադրբեջանական իշխանությունների վայրագությունները չընկճեցին հայերին եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումն այլեւս իրականություն է», - ամփոփեց դեսպանը:

Ելույթներից հետո ներկաները ծաղկեպսակներ եւ ծաղիկներ դրեցին Սումգայիթի նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարի առջեւ:


Սումգայիթի եւ Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված
միջոցառում Վաշինգտոնում

Ի ամփոփումն սումգայիթյան եղեռնագործության 23-րդ տարելիցի հիշատակին նվիրված միջոցառումների շարքի, փետրվարի 28-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական խմբի համանախագահների, Վաշինգտոնում ԼՂՀ ներկայացուցչության, Ամերիկայի հայկական համագումարի եւ Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակի հետ համատեղ ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպել էր Սումգայիթի եւ Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որին ներկա էին ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ, Կոնգրեսի աշխատակազմի աշխատակիցներ, Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հայրեր, բազմաթիվ ամերիկահայեր եւ ամերիկացիներ: Միջոցառմանը որպես հիմնական բանախոս ելույթ ունեցավ Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց փաստավավերագրական կինոժապավեն
1988-ի փետրվարին Սումգայիթում եւ 1990-ի հունվարին Բաքվում ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված հայերի զանգվածային սպանությունների եւ տեղահանության մասին:

Միջոցառումը բացեց ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի դեմոկրատ համանախագահ Ֆրենկ Փըլոնը, որ իր ելույթում դատապարտելով Սումգայիթի եւ Բաքվի կոտորածները, որակեց տեղի ունեցածը որպես Ցեղասպանություն եւ կոչ արեց շարունակել աջակցությունը Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին այս հարցում: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, իր ելույթում կարեւորեց ամերիկյան կոնգրեսականների բարձր հովանու ներքո այս միջոցառման անցկացումը: Դեսպանը ընդգծեց, որ ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ներկայացուցիչների եւ հայկական առաջատար կազմակերպությունների միասնական ջանքերը լավագույն գրավականն են կանխելու Ադրբեջանի կողմից պատմության փաստերի վերանայման փորձերը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, շեշտեց որ եթե սումգայիթյան ողբերգությունը ժամանակին դատապարտվեր, թերեւս չլինեին դրան հաջորդած Բաքվի, Կիրովաբադի, Շահումյանի, Մարաղայի եւ այլ հայաբնակ շրջաններում տեղի ունեցած եղեռնագործությունները: Հայ ժողովուրդը հավատում է, որ հանցագործներն իրենց պատիժը կստանան եւ կդատապարտվեն մարդկության կողմից: Սումգայիթյան ոճրագործությունը իրենց ելութներում դատապարտեցին նաեւ կոնգրեսականներ Աննա Էշյուն, Էլիոթ Էնգելը, Ջեքի Սփիերը եւ ուրիշներ:

Միջոցառումն ավարտվեց Վաշինգտոնում Հայ Առաքելական Եկեղեցու արեւելյան թեմի ներկայացուցիչ, Ամերիկայի եկեղեցիների ազգային խորհրդի նախագահ Վիգեն Արքեպիսկոպոս Հայկազյանի կողմից հնչեցված աղոթքով:


Սումգայիթյան ողբերգության 23-ամյակի առթիվ կազմակերպված
հանրահավաք Փարիզում

Փետրվարի 27-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Հովհաննես-Մկրտիչ Հայ առաքելական Մայր եկեղեցում եւ Ֆրանսիայի հայաշատ քաղաքներում գործող եկեղեցիներում պատարագներ մատուցվեցին Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակին: Փարիզում, պատարագի ավարտին, ծիսակատության մասնակիցների թափորը շարժվեց դեպի Սենայի ափով ձգվող Երեւանյան պարտեզին հարող հրապարակ, ուր ծաղկեպսակ դրվեց Կոմիտասի հուշարձանին` ի հիշատակ եւ ի ոգեկոչում սումգայիթյան սպանդի անմեղ զոհերի:

Փետրվարի 28-ի երեկոյան, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի 9-րդ քաղաքապետարանի հանդիսությունների լեփ-լեցուն սրահում տեղի ունեցավ Ֆրանսահայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի /ՖԿՀԽ/ նախաձեռնած հանրահավաքը` նվիրված Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրագործված հայկական ջարդերի 23-ամյա տարելիցին: Հանրահավաք-համաժողովի ընդհանուր խորագիրն էր` «Ի զորակցություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», բուն առիթը` սումգայիթյան ողբերգության 23-ամյա տարելիցը:

Միջոցառման գերակա նպատակ էր հայտարարված` սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակի ոգեկոչումը, ադրբեջանական ռազմաշունչ ճարտասանության եւ ստահոդ քարոզչության հակադարձումը, ֆրանսահայության զորակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը եւ համախմբումը արցախահայության շուրջ` ԼՂՀ անկախության 20-ամյա տարելիցին ընդառաջ:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Ֆրանսահայ ազգային խորհրդի եւ ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի նախագահ, Իլ-դը Ֆրանս դեպարտամենտի ռեգիոնալ խորհրդի անդամ Ալեքսի Գովչյանը, Ֆրանսահայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը եւ Մուրադ Փափազյանը, Հայ Դատի Ֆրանսիայի գրասենյակի տնօրեն Հրաչ Վարժապետյանը, Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներ: Պաշտոնական ելույթների շարքը եզրափակեց եւ սգո հոբելյանի առթիվ ամփոփիչ խոսք ասաց Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիգեն Չիտեչյանը:

Հանրահավաքի ընթացքում ցուցադրվեց Սումգայիթի ողբերգության մասին պատմող փաստավավերագրական տեսաֆիլմը, որին հաջորդեց սումգայիթյան ջարդերից հրաշքով ողջ մնացած, ողբերգության ականատես-վկա Վիտալի Դանիելյանը, ով միջոցառմանն էր հրավիրված ՖԿՀԽ կողմից:

Տեսաֆիլմից բացի` դահլիճում տեղադրված էկրանին ցուցադրվեցին ադրբեջանական խոշտանգումների ու վայրագությունների զոհ դարձած անձանց պատկերող վավերագրական կադրեր: Միջոցառման ողջ ընթացքում էկրանին ներկայացվում էին սումգայիթյան իրադարձությունների առթիվ ֆրանսիական, եվրոպական եւ ամերիկյան մամուլում տպագրված ողբերգությունը լուսաբանող տեղեկատվական նյութեր, քաղվածքներ ժամանակին ջարդերի առիթով միջազգային ատյանների կայացրած դատապարտողական որոշումներից:

Համաժողովի մասնակիցները հանդես եկան Ադրբեջանի քաղաքական ղեկավարության ռազմաշունչ հայտարարությունների դեմ ուղղված դատապարտողական ելույթներով, ֆրանսիական իշխանություններին կոչ անելով սատարելու արցախահայության ինքնորոշման եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության իրավունքը` որպես Արցախի հայ ազգաբնակչության անվտանգության միակ գրավականի:

Միջոցառման վերջում Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի անունից ընդունվեց ֆրանսիական իշխանություններին եւ երկրի բոլոր ժողովրդավարական ուժերին ուղղված կոչ-հայտարարություն` ի զորակցություն արցախահայության ինքնորոշման օրինական պահանջի եւ ի համերաշխություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից սեփական ազգաբնակչությանը եւ խաղաղությունը պաշտպանելու կոչված ջանքերի:

Համաժողովի մասնակիցները նաեւ իրենց պատրաստակամությունն արտահայտեցին ԼՂՀ եւ Հայաստանի Հանրապետության 20-ամյա հոբելյանական տարվա շրջանակներում ողջ Ֆրանսիայով մեկ հուժկու միջոցառումներ կազմակերպելու` ի նշանավորում այդ զույգ իրադարձությունների, ինչպես նաեւ իրենց վճռականությունը հայտնեցին անհաշտ պայքար մղելու ադրբեջանական զեղծարարությունների դեմ, ակտիվ եւ համախմբված աշխատանք տանելու ղարաբաղյան հակամարտության իրական պատճառների եւ հետեւանքների վերաբերյալ ֆրանսիական իշխանություններին ու հասարակությանը ճշմարտությունը իրազեկելու գործում:


Սումգայիթի ողբերգության անմեղ զոհերի հիշատակին
նվիրված միջոցառումներ Ռումինիայում

Փետրվարի 27-ին, կիրակի օրը Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց մայր եկեղեցում տեղի ունեցավ պատարագ եւ հետպատարագյան հոգեհանգստի արարողություն`նվիրված Սումգայիթի ողբերգության անմեղ զոհերի հիշատակին:

Ռումինահայությանը մեկ անգամ եւս ներկայացվեց Սումգայիթ քաղաքում 23 տարի առաջ իրագործված դաժան ողբերգությունը, որն ադրբեջանական իշխանությունների արյունալի պատասխանն էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից բարձրացված ինքնորոշման օրինական պահանջի:

Պատարագից հետո Ռումինահայոց Միության եւ Ռումինիայում Հայաստանի դեսպանության կողմից ծաղկեպսակներ դրվեցին եկեղեցու բակում գտնվող հիշատակի խաչքար-հուշակոթողին:

Նույն օրը սումգայիթյան զոհերի հիշատակին հոգեհանգստի արարողություններ կատարվեցին նաեւ Յաշ եւ Կոնստանցա հայաբնակ քաղաքների եկեղեցիներում:

Յաշում արարողությանը ներկա էին Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ վարդապետ Հակոբյանը եւ Ռումինահայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը:

Տպել էջը