Ռումինիայի վարչապետ Էմիլ Բոկն ընդունեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանին
10 մարտի, 2011Մարտի 10-ին Ռումինիայի վարչապետ Էմիլ Բոկն ընդունեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանին, որը պաշտոնական այցելությամբ Բուխարեստում էր գտնվում Հայ-ռումինական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստի գումարման կապակցությամբ: Հանդիպմանը մասնակցում էին Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը եւ ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ռումինական կողմից` տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար, Հայ-ռումինական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ տիկին Անկա Բոաջիուն, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիաների բնագավառում հեղինակավոր մասնագետ, բնագավառի օրենսդրական կարգավորման նախաձեռնող, Ռումինիայի Խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանը:
Ողջունելով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարին` վարչապետը կարեւորեց այն ավանդական բարեկամական խոր կապերը եւ մարդկային արժեքավոր ներուժը, որ առկա են երկու ժողովուրդների միջեւ եւ որոնք ամուր հիմք են ստեղծում բոլոր ուղղություններով հարաբերությունների ամրապնդման համար: Նա գոհունակություն հայտնեց միջկառավարական համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստի անցկացման կապակցությամբ, որը նոր շունչ կհաղորդի ոչ միայն երկու երկրների առեւտրատնտեսական կապերին, այլեւ կնպաստի այլ ուղղություններով` մասնավորապես կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտներում կոնկրետ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Վարչապետը մասնավորապես հեռանկարային համարեց բարձր տեխնոլոգիաների բնագավառը, որտեղ վերջին տարիներին Ռումինիան գրանցել է վերելք` զբաղեցնելով աշխարհում 4-րդ տեղը: Այս կապակցությամբ վարչապետը հատուկ նշեց Վարուժան Փամբուկչյանի անձնական կարեւոր ներդրումը եւ կուտակած արժեքավոր փորձը, որը նա կարող է փոխանցել նաեւ Հայաստանին:
Այնուհետեւ նշելով անցյալ տարի առեւտրատնտեսական փոխանակումների բնագավառում գրանցված աճը, կողմերը մտքեր փոխանակեցին այդ դրական դինամիկան պահպանելու եւ զարգացնելու շուրջ: Նախարար Մանուկ Վարդանյանը ներկայացրեց Հայաստանի համար մի շարք առաջնային ուղղություններ, մասնավորապես ճանապարհաշինության, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, առողջարարական տուրիզմի, գյուղատնտեսության հնարավորությունները, որոնք կարող են հետաքրքրել ռումինական կողմին: Մանուկ Վարդանյանը կարեորեց նաեւ ապակենտրոնացված մակարդակով համագործակցության ծավալման ուղղությունը, որտեղ կարելի է ակնկալել դրական արդյունքներ:
Վարչապետը հավաստիացրեց, թե Ռումինիան պատրաստակամ է խորացնել երկխոսությունը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով եւ առաջարկեց ավելի հաճախակիացնել փոխշփումները: Նկատի առնելով թե երկկողմ առկա ներուժը, թե մասնավորապես ԵՄ Արեւելյան գործընկերության, ինչպես նաեւ Սեւծովյան համագործակցության շրջանակներում ընձեռնված հնարավորություններն ու մեխանիզմները` վարչապետ Բոկը եւ նախարար Վարդանյանը պատրաստակամություն հայտնեցին առավել գործուն ջանքեր գործադրել փոխադարձ շահավետ պայմանավորվածություններ ձեռք բերելու եւ դրանց կատարմանը հսկելու ուղղությամբ: ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում վարչապետ Բոկը հավաստիացրեց, թե Հայաստանը կարող է ապավինել Ռումինիայի աջակցությանը:
Հանդիպման ավարտին վարչապետ Բոկը հրավեր հղեց Հայաստանի վարչապետին այցելելու Ռումինիա: