Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 66-րդ և Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձերին նվիրված միջոցառումներ

08 մայիսի, 2011

Հունաստան

Մայիսի 8-ին Աթենքում տեղի ունեցավ Հունաստանի ազատագրման համար զոհված խորհրդային զինվորի հուշարձանին ծաղկեպսակների զետեղման արարողություն:

Հուշարձանին ծաղկեպսակ դրեց նաև Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը: Միջոցառման մասնակիցների թվում էին Աթենքում հավատարմագրված` ԱՊՀ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, ռազմական կցորդներ, միջազգային կազմակերպությունների, քաղաքական, հասարակական, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Մայիսի 7-ին աշխատանքային այցով Սալոնիկում գտնվող Հայաստանի դեսպանն այցելեց հյուսիսային Հունաստանի Պտոլեմաիդա քաղաքին մերձ Միսովունու գյուղ, որտեղ գտնվող եղբայրական գերեզմանոցում ծաղիկներ դրեց այնտեղ թաղված` ֆաշիզմի զոհերի շիրիմներին: Գերեզմանոցում են թաղված նաև երեք խորհրդային զինվորներ, որոնցից մեկը հայ է: Արարողությանը մասնակցեցին Սալոնիկի հայ համայնքի ներկայացուցիչները:

Արգենտինա

Մայիսի 8-ին Արգենտինայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ Բուենոս Այրեսում կայացել է միջոցառում` նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 66-րդ և Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձերին:

Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Արգենտինայի թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանը մատուցել է սուրբ պատարագ և կատարել հոգեհանգստի արարողություն: Այնուհետև տաճարի բակում գտնվող` Արցախի հերոսներին նվիրված հուշարձանի մոտ կայացել է հանդիսություն, որի ընթացքում հավաքվածներին է դիմել Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը:

Իր խոսքում դեսպանը զուգահեռներ է անցկացրել Մեծ Հայրենականի և Շուշիի հաղթանակների միջև, նշել է, որ Հայրենական Մեծ պատերազմի ընթացքում հազարավոր հայորդիների կողմից գործած սխրանքը օրինակ է ծառայել մեր օրերում` Լեռնային Ղարաբաղի անկախության համար մղվող պատերազմում:
Վլադիմիր Կարմիրշալյանը կոչ է արել արգենտինահայությանը համախմբվել Հայաստանի ու Արցախի շուրջ, ջանք չխնայել Մայր Հայրենիքի բարգավաճման և հզորացման համար:

Հայաստանի դեսպանն ու արգենտինահայ կազմակերպությունների ներկայացուցիչները ծաղիկներ են դրել Արցախի հերոսների հուշարձանի մոտ:


Նիդերլանդներ

Մայիսի 9-ին Նիդերլանդների Ամերսֆորտ քաղաքում տեղի ունեցավ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 66-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցեցին Հաագայում հավատարմագրված ԱՊՀ բոլոր երկրների դեսպանությունները, Ամերսֆորտի և Լյուսդենի քաղաքապետերը, պաշտոնյաներ, պատերազմի վետերաններ, ազգային համայնքների ներկայացուցիչներ:

«Կուդրայստ» համակենտրոնացման ճամբարի մոտ տեղադրված հուշարձանին ծաղկե զամբյուղներ տեղադրելուց հետո միջոցառման մասնակիցները շարժվեցին «Ռուստհոֆ» գերեզմանոց, որտեղ ամփոփված են խորհրդային 865 զինվորի աճյուններ: Անունները հայտնի զինվորների շարքում են նաև վեց հայ զինվոր, որոնցից մեկի հարազատներին հնարավոր է եղել գտնել անցյալ տարվա ընթացքում:

Հուշահամալիրում բարձրացված էին ՌԴ, Ուկրաինայի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի դրոշները: Դիվանագիտական առաքելությունների ղեկավարների, այդ թվում` Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանի, և քաղաքային իշխանությունների կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին Խորհրդային զինվորների փառքի հուշարձանին:
 

Տպել էջը