ԱԳ նախարարությունում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ

11 մայիսի, 2011

Մայիսի 11-ին ԱԳՆ-ում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ:

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը, գերմանականը` Գերմանիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Կովկասյան տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար, դեսպան Պատրիցիա Ֆլորը: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը եւ Գերմանիայում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը:

Կողմերը քննարկեցին Հայաստանի ու Գերմանիայի միջեւ քաղաքական երկխոսության, երկկողմ առեւտրատնտեսական, մշակութային, հյուպատոսական եւ իրավապայմանագրային ոլորտներում, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր:

Անդրադարձ կատարվեց նաեւ միջազգային խաղաղապահ առաքելության շրջանակներում Աֆղանստանում հայ-գերմանական զորամիավորումների համագործակցությանը:

Գերմանական կողմի խնդրանքով ներկայացվեցին նաեւ Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

Հանդիպմանը հանգամանորեն քննարկվեցին Հայաստան-ԵՄ համագործակցության ներկայիս փուլը եւ հեռանկարները: Հատուկ ուշադրություն դարձվեց ԵՄ հետ Ասոցիացման համաձայնագրի բանակցությունների ընթացքին: Հայկական կողմը կարեւորեց ԵՄ հետ վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ արդյունավետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Համաձայնություն ձեռք բերվեց հայ-գերմանական հաջորդ խորհրդակցություններն անցկացնել Բեռլինում 2012թ.:

Տպել էջը