Հայաստանի արտգործնախարարը հրաժեշտ տվեց ԱՄՆ դեսպանին

07 հունիսի, 2011

Հունիսի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց դեսպան Յովանովիչի անձնական ավանդը Հայաստանի եւ Միացյալ Նահանգերի միջեւ հաստատված բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում:

“Վաշինգտոն իմ վերջին այցելության ընթացքում նշվեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները բարձրացվել են որակապես նոր մակարդակի: Եվ այդ գործում մեծ է Ձեր ներդրումը”- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար՝ դեսպան Յովանովիչը նշեց, որ իր համար հաճելի էր աշխատել Հայաստանում եւ իր աշխատանքի ընթացքում ցուցաբերված աջակցության եւ արդյունավետ համագործակցության համար:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ:

Նախարար Նալբանդյանը դեսպան Յովանովիչին մաղթեց հետագա հաջողություններ իր դիվանագիտական գործունեության մեջ եւ նրան պարգեւատրեց ԱԳՆ հուշամեդալով:

Տպել էջը