Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵՄ արտաքին գործերի եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արեւելյան Հարեւանության եւ Արեւմտյան Բալկանների հարցերով կառավարիչ տնօրենին

10 հունիսի, 2011

Հունիսի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵՄ արտաքին գործերի եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արեւելյան Հարեւանության եւ Արեւմտյան Բալկանների հարցերով կառավարիչ տնօրեն Միրոսլավ Լայչակին (Miroslav Lajcak):

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը շնորհավորեց վերջինիս նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ վստահություն հայտնեց, որ Լայչակի արժեքավոր դիվանագիտական փորձը կնպաստի Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայությանը եւ Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ համագործակցության հետագա զարգացմանը:

Խոսելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին՝ կողմերը կարեւորեցին Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների դրական ընթացքը, ինչպես նաեւ մտքեր փոխանակեցին Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունների նախապատրաստման շուրջ:

Մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացի շուրջ քննարկումների ընթացքում Միրոսլավ Լայչակը տեղեկացրեց, որ աշնանը սպասվում է այդ հարցով բանակցությունների մեկնարկը:

Զրուցակիցները քննարկեցին նաեւ օրերս ԵՄ-ի կողմից հրապարակված ԵՀՔ Գործողությունների ծրագրի կիրառման զեկույցը եւ Եվրոպական Հարեւանության քաղաքականության վերանայման մասին հայտարարությունը:

Հանդիպանը անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանային մի շարք հարցերի: Հյուրի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները եւ ակնկալիքները հունիսի 25-ին նախատեսված գագաթաժողովից:

Տպել էջը