Հայաստանի արտգործնախարարի այցը Վրաստան

29 հունիսի, 2011

Թբիլիսիում կայացած Նալբանդյան-Վաշաձե հանդիպմանը քննարկվեց հայ-վրացական հարաբերությունների օրակարգը

Հունիսի 29-ին, աշխատանքային այցելությամբ Վրաստան ժամանած, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր գործընկերոջ՝ Գրիգոլ Վաշաձեի հետ:

«Մեր երկրների միջեւ հարաբերությունները անկախության վերականգնումից ի վեր այսքան ակտիվ եւ օրինակելի չեն եղել», ողջունելով Էդվարդ Նալբանդյանին ասաց Գրիգոլ Վաշաձեն:

Նախարարներ Նալբանդյանն ու Վաշաձեն գոհունակություն հայտնեցին հաստատված պարբերական շփումների կապակցությամբ, ինչը հնարավորություն է ընձեռում հետեւելու երկու երկրների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, մշակել հարաբերությունների զարգացմանն ուղղված նոր ծրագրեր, մտքեր փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի եւ միջազգային հարաբերությունների խնդիրների շուրջ:

Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարեւորեցին այս տարվա առաջին կեսին բարձրագույն եւ բարձր մակարդակով կայացած փոխայցելությունները՝ ընգծելով այդ դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը:

Նախարարներն անդրադարձան նաեւ Հայաստանի եւ Վրաստանի ԱԳՆ-ների միջեւ խորհրդատվությունների ակտիվացման անհրաժեշտությանը: Այս առումով պայմանավորվածություն ձեռք բերվեց հերթական խորհրդատվություններն անցկացնել ս.թ. սեպտեմբերին: Հայկական կողմի առաջարկով համաձայնություն ձեռք բերվեց անցկացնել նաեւ հյուպատոսական հարցերով խորհրդատվություններ:

Բանակցությունների օրակարգում էին նաեւ վիրահայությանը հուզող խնդիրները եւ դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Էդվարդ Նալբանդյանն ու Գրիգոլ Վաշաձեն քննարկեցին իրավապայմայմանագրային դաշտի կատարալեգործման, միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցության, սահմանային անցակետերում իրականացվող ընթացակարգերի պարզեցման, տրանսպորտային փոխադրումների հեշտացման, էներգետիկ համագործակցությանն առնչվող հարցեր, հայ-վրացական սահմանի սահմանազատման գործընթացի խնդիրներ:

Նախարար Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները` մասնավորապես Կազանում կայացած գագաթաժողովի արդյունքները:

Օրվա երկրորդ կեսին Վրաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց հայ-վրացական հարաբերությունների ներկայիս ընթացքը, Վրաստանի իր գործընկերոջ հետ ունեցած հանդիպման արդյունքները, Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրները եւ զարգացումները:

Նույն օրը ավարտելով այցելությունը Թբիլիսի, նախարար Նալբանդյանը վերադարձավ Երեւան:

Տպել էջը