ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի ղեկավարի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Կորի Ուդովիչկիի հետ

14 հուլիսի, 2011

Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանն ընդունեց ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի ղեկավարի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային գրասենյակի տնօրեն տիկին Կորի Ուդովիչկիին:

Ողջունելով հյուրին` պարոն Կիրակոսյանը նշեց, որ Հայաստանն արդյունավետ համագործակցում է ՄԱԿ-ի կառույցների հետ, ինչին մեծապես նպաստում է նաև Երևանում ՄԱԿ-ի տարբեր կառույցների ներկայացուցիչների առկայությունը: ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ ԱԳՆ աշխատանքները կրում են ամենօրյա բնույթ և վերաբերում են հարցերի շատ լայն շրջանակի:

Տիկին Ուդովիչկին գոհունակություն հայտնեց Հայաստանի Հանրապետության կառավարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև առկա համագործակցության մակարդակի համար և իր հերթին բարձր գնահատեց Հայաստանի կառավարության պատրաստակամությունն ու ջանքերը ՄԱԶԾ-ի հետ ստորագրված ծրագրի շրջանակներում աշխատելու համար: Նա նշեց, որ չնայած դոնոր երկրների դիմակայած ֆինանսատնտեսական դժվարությունների արդյունքում առաջացած սահմափակումների, ՄԱԶԾ-ի գործունեությունը Հայաստանում ոչ միայն չի նվազելու, այլև շարունակվելու է բոլոր ծրագրերով նախանշված ուղղություններով:

Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան:

Տպել էջը