Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ նորընտիր գլխավոր քարտուղարին

15 հուլիսի, 2011

Հուլիսի 15-ին Վիեննայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ նորընտիր գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ:

Շնորհավորելով Լամբերտո Զանիերին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը հույս հայտնեց, որ նա իր կարեւոր ներդրումը կունենա համաեվրոպական կազմակերպության նպատակների իրագործման գործում:

Զրուցակիցները քննարկեցին ԵԱՀԿ գործունեության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին կազմակերպության բարեփոխումների շուրջ:

Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ դերը Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության ապահովման գործում եւ շարունակելու է գործուն մասնակցությունը կազմակերպության գործունեության բոլոր հարթություններում:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի խնդրանքով Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի կարեւոր դերակատարումն ու ջանքերը հակամարտության լուծման գործընթացում:

Մեկնարկած երկխոսությունը շարունակելու նպատակով Էդվարդ Նալբանդյանը Լամբերտո Զանիերին հրավիրեց այցելել Հայաստան:

Տպել էջը