Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ ԱԳ նախարարի հետ

18 հուլիսի, 2011

Հուլիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ: Զրույցի ընթացքում քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը քննարկեցին բանակցություններում բարենպաստ մթնոլորտի ստեղծման համար հավելյալ ջանքերի գործադրման հնարավորությունները:

Նախարարներն անդրադարձան Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի, ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ 2010թ. հոկտեմբերին Աստրախանում եւ 2011 թ. մարտին Սոչիում կայացած հանդիպումների ընթացքում հրադադարի ռեժիմի ու ռազմական ոլորտում վստահության ամրապնդման, բոլոր վիճելի հարցերի խաղաղ միջոցներով լուծման եւ շփման գծում հնարավոր միջադեպերի հետաքննությունների անցկացման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը:

Հայաստանի արտգործնախարարը իր ռուսաստանյան գործընկերոջը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին կներկայացվի ՀՀ Նախագահի պատասխանը՝ ՌԴ Նախագահի ս.թ. հուլիսի 8-ի ուղերձին:

Տպել էջը