Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Զալցբուրգի ֆորումին

19 օգոստոսի, 2011

Նախարար Էդվարդ Նալբանդյանն Ավստրիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միխայել Շպինդելեգերի հրավերով օգոստոսի 18-19-ը Զալցբուրգում մասնակցեց «Աշխարհի տնտեսության եւ համաշխարհային կառավարման համար նոր հիմքեր» խորագրով ֆորումին, որին մասնակցում էին արտաքին գործերի նախարարներ, տարբեր միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, հեղինակավոր տնտեսագետներ եւ գիտնականներ, միջազգային կորպորացիաների նախագահներ:

Զալցբուրգում Հայաստանի արտգործնախարարը նաեւ երկկողմ հանդիպումներ ունեցավ Ավստրիայի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ:

Ավստրիայի Եվրոպական եւ արտաքին գործերի նախարար Միխայել Շպինդելեգերի հետ հանդիպմանն Էդվարդ Նալբանդյանը քննարկեց երկկողմ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մտքեր փոխանակվեցին միջազգային եւ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանի եւ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հանդիպման ընթացքում քննարկվեցին բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հայ-վրացական օրակարգի բազմաթիվ հարցեր:

Տպել էջը