Արտգործնախարարն ընդունեց «Արմենիա» առագաստանավի անձնակազմին

24 օգոստոսի, 2011

Օգոստոսի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց «Արմենիա» առագաստանավի անձնակազմին` գրող, հրապարակախոս Զորի Բալայանի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին` Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց «Արմենիա» առագաստանավի անդամներին իրենց առաքելության բարեհաջող ավարտի կապակցությամբ՝ հավելելով, որ նավարկության ուղեգիծն իրենից ներկայացնում էր սփյուռքահայ գաղթօջախների յուրահատուկ քարտեզը` ոգեւորություն պարգեւելով արտերկրում ապրող մեր հայրենակիցներին:

«Ձեր դժվար առաքելությունը մեծ նպաստ էր Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին համախմբելու սրբազան գործին» – ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Գիտարշավի անդամները ԱԳ նախարարին ներկայացրեցին շուրջերկրյա նավարկության ընթացքը, կիսվեցին տարբեր երկրներում ունեցած հանդիպումների տպավորություններով:

Զորի Բալայանը «Արմենիա» առագաստանավի անձնակազմի անունից առանձնակի շնորհակալություն հայտնեց աշխարհի տարբեր երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից ցուցաբերած ամենայն աջակցության համար:

Ի նշանավորումն նավարկության հաջող ավարտի Էդվարդ Նալբանդյանը «Արմենիա» առագաստանավի արշավախմբին հանձնեց ԱԳՆ մեդալը:

Տպել էջը