Դեսպան Ձյունիկ Աղաջանյանը հավատարմագրերն է հանձնել ՔԶԱԿ գլխավոր տնօրեն Ահմեդ Ուզումչուն

26 օգոստոսի, 2011

Օգոստոսի 26-ին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գլխավոր տնօրեն Ահմեդ Ուզումչուն:

Կայացած զրույցի ժամանակ գլխավոր տնօրենը բարձր է
գնահատել ՔԶԱԿ-Հայաստան համագործակցության մակարդակը` նշելով, որ Հայաստանը գերազանցապես կատարել է կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները: Նա բարձրացրել է այն հարցերը, որոնք դեռևս իրավական կարգավորման կարիք ունեն ՔԶԱԿ տեսանկյունից:

Զրույցի ընթացքում Ուզումչուն ներկայացրել է կազմակերպության առջև ծառացած խնդիրները` մասնավորապես նշելով, որ ընթանում է բարեփոխումների գործընթաց, որի հաջողությունը կախված է բոլոր անդամ պետությունների ակտիվ մասնակցությունից:

Դեսպան Աղաջանյանը, ներկայացնելով կոնվենցիայի դրույթների իրագործման ուղղությամբ Հայաստանում կատարված քայլերը, ընդգծել է զանգվածային ոչնչացման զենքերի տարածման դեմ պայքարում միջազգային ու տարածաշրջանային համագործակցության կարևորությունը, կանխարգելիչ միջոցառումների և արդի մարտահրավերներին դիմագրավելու հարցում ճկուն մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը:
 

Տպել էջը