Դեսպանաժողովը շարունակում է աշխատանքները

31 օգոստոսի, 2011

Օգոստոսի 31-ին իր աշխատանքները շարունակեց ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությունը:

Բարձրաստիճան դիվանագետները հանգամանալից քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, անդրադարձան Հայաստանի արտաքին քաղաքականության երկկողմ եւ բազմակողմ հարթություններին, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի:

Քննարկումների օրակարգում էր նաեւ հյուպատոսական ծառայության աշխատանքի կատարելագործումը: Այս առումով ԱԳ նախարարի կողմից հանձնարարականներ տրվեցին արտերկրում մատուցվող հյուպատոսական ծառայությունների որակի եւ ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանության արդյունավետության բարձրացման վերաբերյալ:

Դեսպանաժողովին անդրադարձ կատարվեց դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության տեղեկատվական ապահովման հարցերին:

Խորհրդակցության աշխատանքներն ամփոփելով՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը համապատասխան հանձնարարկաններ տվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից դիվանագիտների առջեւ դրված խնդիրների կատարման վերաբերյալ:

Խորհրդակցության մասնակիցները այցելեցին Ծիծեռնակաբերդ եւ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Դեսպանահավաքի աշխատանքների ամփոփումից հետո ՀՀ դեսպաններն ու ԱԳՆ ստորաբաժանումների ղեկավարները՝ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, մեկնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր նրանց ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ով իր հայրապետական օրհնությունը տալով դիվանագետներին՝ հաջողություններ մաղթեց նրանց գործունեության մեջ:

Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց կաթողիկոսին ընդունելության համար` ընդգծելով հայ դիվանագետների որդիական սերն ու խորը հարգանքը հանդեպ Հայ Առաքելական Եկեղեցու եւ Ամենայն Հայոց Հայրապետի:

Արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց այն մեծ աջակցության համար, որ մեր եկեղեցին ցուցաբերել է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնադրմանը եւ գործունեությանը եւ ընդգծեց, որ ՀՀ դեսպաններին հանձնարարված է միշտ լինել եկեղեցու կողքին, ինչպես որ եկեղեցին միշտ եղել է եւ ամուր կանգնած է պետության կողքին:

Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին արտերկրում հայապահպանության, հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդիրները եւ այդ ենթատեքստում՝ պետություն-եկեղեցի համագործակցության հարցերը:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` ԱԳՆ եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարության անունից շնորհավորելով Վեհափառ հայրապետին 60-ամյակի կապակցությամբ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսին հանձնեց ԱԳՆ հուշամեդալը:

Սեպտեմբերի 1-ին նախատեսվում են «Հայաստանը եւ արտաքին աշխարհը» թեմայով ԱԳ նախարարի, նրա տեղակալների եւ ՀՀ դեսպանների դասախասությունները Երեւանի ԲՈւՀ-երում:

Դեսպանները նաեւ ելույթներ կունենան ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում:
 

Տպել էջը