Էդվարդ Նալբանդյանն ավանդական առաջին դասախոսությունը կարդաց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում

01 սեպտեմբերի, 2011

Վերջին տարիներին հաստատված ավանդույթի համաձայն ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 1-ին այցելեց ԵՊՀ, որտեղ ելույթ ունեցավ ֆակուլտետի առաջին կուրսեցիների եւ պրոֆեսորադասախոսական կազմի առջեւ:

Իր խոսքում նախարար Նալբանդյանը շնորհավորեց Մայր ԲՈՒՀ-ի առաջին կուրսեցիներին համալսարան ընդունվելու եւ ուսումնական առաջին օրվա կապակցությամբ եւ նրանց մաղթեց բեղմնավոր ուսում եւ բազում գիտելիքներ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն եւ առաջնահերթությունները, անդրադարձավ նախօրեին ավարտված Հայաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցության արդյունքներին, մանրամասն ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Պատասխանելով ուսանողի հարցին` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ հասել էինք մի հանգրվանի, երբ միջնորդները, միջազգային հանրությունը եւ նրանց հետ համահունչ դիրքորոշում ունեցող Հայաստանը գտնում էին, որ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ եւ ներկայությամբ Կազանի հանդիպմանը եռանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքները կարող են հիմք հանդիսանալ ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար: Սակայն, Ադրբեջանի մերժողական եւ ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չեղավ առաջընթաց արձանագրել: Նույնն էր պատահել նաեւ 2011 թ. մարտին Սոչիի, 2010 թ. հոկտեմբերին Աստրախանի եւ հունիսին Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին, որտեղ Ադրբեջանը փաստորեն խոչընդոտեց համաձայնության կայացմանը:

Տպել էջը