ՀՀ արտգործնախարարն ընդունեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահին

20 սեպտեմբերի, 2011

Սեպտեմբերի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Լիբոր Ռուչեկին, որը Երեւան է ժամանել Հայաստանի Հանրապետության անկախության քսանամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրին` արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն հայտնեց Հայաստան-Եվրոպական միություն վերելք ապրող հարաբերությունների կապակցությամբ՝ նշելով, որ այդ գործում իր լուրջ նպաստն ունի համագործակցության խորհրդարանական ձեւաչափը:

Լիբոր Ռուչեկը, շնորհավորելով Էդվարդ Նալբանդյանին Հայաստանի անկախության քսանամյա հոբելյանի առիթով, ընդգծեց, որ անկախության տարիներին Հայաստանի փոխհարաբերությունները թե Եվրամիության, թե ԵՄ անդամ երկրների հետ լուրջ զարգացում են ապրել եւ ընդլայնման մեծ ներուժ ունեն:

Էդվարդ Նալբանդյանն ու Լիբոր Ռուչեկը անդրադարձան միջխորհրդարանական շփումներին, առանձնակիորեն կարեւորելով Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության խորհրդարանական խմբի գործունեությունը:

Կողմերն անդրադարձան նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակներում ԵՄ երկրների եւ արեւելյան հարեւանների միջեւ համագործակցության խորհրդարանական պլատֆորմի` Եվրոնեստի գործունեությանն առնչվող հարցերին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Եվրախորհրդարանի փոխնախագահին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Տպել էջը