Էդվարդ Նալբանդյանը Գավառում մասնակցեց Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառմանը

21 սեպտեմբերի, 2011

Սեպտեմբերի 21-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում մասնակցեց Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:

Միջոցառմանը նախարար Նալբանդյանը Գեղարքունիքի մարզի վարչական, կրթական, սոցիալական, մշակութային եւ առողջապահության հիմնարկների մի շարք աշխատակիցների հանձնեց Հայաստանի Անկախության քսանամյակի կապակցությամբ շնորհված բարձր պետական պարգեւները եւ Հանրապետության Նախագահի ու վարչապետի շնորհակալագրերը:

Դիմելով հանդիսավոր նիստի մասնակիցներին` Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես ասաց.

«Հարգելի պարոն մարզպետ,
Սիրելի բարեկամներ,

Ջերմորեն ողջունում եմ բոլորիդ և շնորհավորում այս` գուցեեւ տարիների քանակով փոքր թվացող հոբելյանի, բայց մեծ, շատ մեծ տոնի՝ անկախ Հայաստանի Հանրապետության քսանամյակի կապակցությամբ:

Ասում եմ՝ գուցեեւ փոքր հոբելյանի, որովհետեւ, ի վերջո, հազարամյակների մեր պատմության մեջ քսան տարին կարող է ակնթարթ թվալ։

Սակայն ասում եմ մեծ տոն, որովհետեւ նման «ակնթարթներ» մենք, ցավոք, վաղուց չէինք ունեցել։

Մեծ տոն, որովհետեւ իր անկախությունը հաղթանակով պսակած մեր Հայրենիքի քսանամյա հոբելյանի մեծությունը չափվում է ոչ թե տարիների քանակությամբ, այլ՝ հաղթանակի հպարտությամբ։ Հաղթանակ, որ մենք դարձյալ վաղուց չէինք ունեցել։

Եւ վերջապես՝ մեծ տոն, որովհետեւ այսօր տարեդարձն է ոչ միայն մեր երկրի, այլեւ մեր այսօրվա քսանամյա սերնդի՝ մեր զավակների, այն բոլոր տղաների ու աղջիկների, որոնք երբեք չեն եղել այլ երկրի քաղաքացի, եւ որոնց միակ Հայրենիքը անկախ Հայաստանի Հանրապետությունն է։

Երանի նրանց, որովհետեւ նրանք երբեք չեն երազի անկախ լինել, որովհետեւ արդեն ծնվել են անկախ, եւ այդ անկախությունը նրանց համար նույնքան բնական է, որքան արեւն ու երկինքը։

Եւ դա մեր ամենամեծ ձեռքբերումն է։ Որովհետեւ անկախություն երազելն այլեւս մեր ժողովրդի համար պիտի համարվի նվաստ ու անընդունելի։ Որովհետեւ անկախություն երազել՝ նշանակում է չունենալ այն, չունենալ երկրիդ անունը աշխարհի քարտեզի վրա, նշանակում է՝ անտուն ապրել ազգերի ու պետությունների ընտանիքում՝ երազելով մի օր սեփական տուն ունենալ այս արեւի տակ։

Մենք այսօր ունենք այդ տունը։ Մենք այն կառուցել ենք մեր արդար քրտինքով, ցրտի մեջ՝ ջերմանալով հաղթանակի բերկրանքով, մթության մեջ՝ առաջնորդվելով ապագայի լույսով, դժվարությունների ու զրկանքների գնով, մեր անկախության նահատակների ու նվիրյալ զինվորների կյանքի գնով։ Եւ մենք այլեւս թույլ չենք տա, որ այդ տան մեջ լույսն ու ջերմությունը պակասեն։ Մենք այդ տունը պիտի շենացնենք ու սերնդե-սերունդ կտակենք մեր զավակներին։

Եւ մեզնից յուրաքանչյուրի, բոլորի, նաեւ՝ ներկա ու գալիք բոլոր պետական գործիչների խնդիրն է այնպես անել, որ այլեւս ոչ մի սերունդ չերազի անկախության մասին, որ մեր ժողովրդի բոլոր նորածին մանուկների համար անկախ Հայրենիքը լինի նույնքան բնական, որքան արեւն ու երկինքը, որքան Սեւան լիճը։

Որ նրանք անդարձ մոռանան այն ժամանակները, երբ տնվոր էինք օտար տան մեջ, երբ, Հանրապետության Նախագահի խոսքերով, օրենքն օտարինն էր, երբ օտար էր ինքը՝ օրենքը, կամ երբ օրենքը ինքը` օտարն էր:

Անկախության բերած բոլոր դժվարություններն ի վերջո հանգում են մի պարզ խնդրի. ունակ լինել սեփական ճակատագիրը տնօրինելու։

Եւ այստեղ է, որ մեզ պետք է լինել ինքնավստահ, ապավինել մեր ուժերին, մեր ունակությանը՝ մեր ժողովրդին ու պետությանը վերաբերող որոշումներն ինքնուրույն կայացնելու, որովհետեւ երբ դու՝ որպես ինքնիշխան միավոր, որոշում չես կայացնում, ուրիշներն են այդ որոշումը կայացնում քո փոխարեն։

Անցած քսան տարիները մեզ տալիս են միջազգային բեմահարթակում վստահելի գործընկերոջ կարեւոր վարկանիշը, որը մեր անկախության եւս մեկ մեծագույն նվաճումն է։

Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, անկախության նվիրյալ նահատակ Մովսես Գորգիսյանը այն հեռավոր 88-ին ասում էր «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»։

Նա խոսում էր այս Հայաստանի մասին, Հայաստանի, որ նա չտեսավ, բայց որը տեսնում ենք մենք, այսօրվա ազատ ու անկախ Հայաստանը։

Տպել էջը