Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավորներին

21 սեպտեմբերի, 2011

Սեպտեմբերի 21-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանի անկախության քսանամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Իոնաիս Կասուլիդիսին, Անդրեյ Կովաչեւին եւ Կրիստիան Վիգենինին:

Եվրախորհրդարանի պատգամավորները շնորհավորեցին Հայաստանի արտգործնախարարին ՀՀ անկախության քսանամյակի կապակցությամբ՝ նշելով, որ այս տարիների ընթացքում Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ հարաբերություններն անընդմեջ զարգացում են ապրել:

Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ԵԽ պատգամավորներին անկախության տոնակատարություններին մասնակցելու, ինչպես նաեւ Հայաստանի համար կարեւոր հարցերի նկատմամբ մշտապես ուշադիր գտնվելու համար:

Զրուցակիցները քննարկեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Տպել էջը