Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավարին

17 հոկտեմբերի, 2011

Հոկտեմբերի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզեին:

Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց հայ-լեհական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը եւ վերջին տարիներին հաճախակի դարձած երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունները: Նախարարը առանձնացրեց ս.թ. հուլիսին Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու պաշտոնական այցը Հայաստան եւ կարեւորեց Նախագահ Սերժ Սարգսյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

Ստանիսլավ Կոզեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրեց իր այցելության նպատակը՝ Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի հետ փոխգործակցության ընդլայնումը, ինչն առավել կհարստացնի երկու երկրների բազմաբովանդակ համագործակցությունը:

Կողմերն անդրադարձան նաեւ Հայաստան-ԵՄ համագործակցությանը` մասնավորապես Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում ընթացող գործընթացներին: Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Լեհաստանի դերը որպես Եվրոպական միության նախագահող երկիր:

Հյուրի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ս.Կոզեն նշեց, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Տպել էջը