Հայաստան - Եվրոպական Միություն Շարժունակության հռչակագիր

27 հոկտեմբերի, 2011

Հոկտեմբերի 27-ին Լյուքսեմբուրգում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը եւ ԵՄ անդամ երկրների ներքին գործերի նախարարները ստորագրեցին Հայաստան - Եվրոպական Միություն «Շարժունակության շուրջ գործընկերություն» հռչակագիրը:

Հռչակագրի ստորագրման արարողությանը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, գոհունակություն հայտնելով հռչակագրի ստորագրման կապակցությամբ, նշեց, որ Հայաստանի եվրոպական մերձեցման քաղաքականության կարեւոր բաղադրիչ է կազմում մարդկանց տեղաշարժի դյուրացումը, Հայաստանի եւ ԵՄ քաղաքացիների միջեւ շփումների խրախուսումն ու ակտիվացումը:

Մենք ողջունում ենք Եվրոպական հանձնաժողովի առաջարկը Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ եւ հուսով ենք, որ Եվրոպական խորհուրդը արագ կերպով կհաստատի բանակցությունների մեկնարկի մանդատը: Հայաստանն ակնկալում է ԵՄ-ի հետ շուտափույթ կնքել մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայանգրեր:

Արտգործնախարար Նալբանդյանն ընդգծեց, որ քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը գործընկերության հաջորդ փուլի նպատակն է:

Շարժունակության շուրջ գործընկերության նպատակն է Հայաստանի եւ Եվրոմիության միջեւ միգրացիոն հոսքերի կառավարումը, անօրինական միգրացիայի դեմ պայքարը եւ ՀՀ քաղաքացիների օրինական մուտքն կանոնակարգելը:

Տպել էջը