Հայ-հնդկական քաղաքական խորհրդակցություններ ԱԳՆ-ում

01 նոյեմբերի, 2011

Նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Հնդկաստանի ԱԳՆ-երի միջեւ: Խորհրդակցությունները վարում էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը եւ Հնդկաստանի ԱԳՆ Արեւելքի քարտուղար Սանջայ Սինգհը (Sanjay Singh):

Խորհրդակցությունների ընթացքում արծարծվեց երկկողմ եւ բազմակողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, հայ-հնդկական առեւտրատնտեսական կապերի եւ ներդրումային ծրագրերի, իրավապայմանագրային բազայի արդիականացման, միջազգայինի կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության հետագա զարգացմանն ուղղված խնդիրներ:

Կողմերը մտքեր փոխանակեցին միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ:

Հնդկական պատվիրակության անդամներն այցելեցին նաեւ Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձան եւ թանգարան:

Նույն օրը ստորագրվեց Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառներում 2012-2015թթ. համագործակցության մասին Ծրագիրը, որը նախատեսված է «Գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության մասին» 1994թ. մարտի 25-ի համաձայնագրով:

Տպել էջը