Վիետնամի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

09 նոյեմբերի, 2011

Նոյեմբերի 9-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Վիետնամի նորանշանակ դեսպան Ֆամ Սուան Շոնին (նստավայրը` Մոսկվա )՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը հաջողություններ մաղթեց վերջինիս իր առաքելության մեջ եւ հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-վիետնամական հարաբերությունների զարգացմանը` ամուր հիմքեր ստեղծելով դրանց ընդլայնման համար:

Դեսպանը շնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար, նշելով, որ Վիետնամը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ եւ զարգացմամբ, եւ վստահեցրեց, որ կանի առավելագույնը երկկողմ համագործակցության խթանման համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների առավել զարգացման ուղիները, անդրադարձան առեւտրատնտեսական, գիտակրթական փոխանակումների ակտիվացման, ինչպես նաեւ արտգործնախարարությունների միջեւ խորհրդակցությունների անցկացման, միջխորհրդարանական կապերի ձեւավորման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման եւ միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Վիետնամի փոխգործակցությանն առնչվող հարցերին:

Տպել էջը