Հայաստանի արտգործնախարարի պաշտոնական այցելությունը Դանիա

24 նոյեմբերի, 2011

Քննարկվեցին հայ-դանիական հարաբերությունների զարգացման ուղիները

Նոյեմբերի 24-ին պաշտոնական այցով Դանիա ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Կոպենհագենում հանդիպում ունեցավ Դանիայի արտգործնախարար Վիլլի Սյովնդալի հետ:

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Վիլլի Սյովնդալը շնորհավորեց Դանիայում ՀՀ դեսպանության բացման կապակցությամբ եւ վստահություն հայտնեց, որ Հայաստանից առաջին քաղաքական երկկողմ բարձրաստիճան այցը Դանիա եւ դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը նոր էջ կբացեն հայ-դանիական հարաբերություններում:

Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Դանիայում ՀՀ դեսպանության հիմնումը վկայում է երկկողմ հարաբերություններն առավել զարգացնելու, խորացնելու եւ ամրապնդելու մեր նպատակադրվածության մասին:

Երկուստեք կարեւորվեց երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, տնտեսական փոխգործակցության խթանմանն ուղղված համատեղ քայլերի ձեռնարկումը:

Նախարար Նալբանդյանն երախտագիտություն հայտնեց 1988 թ. երկրաշարժի արդյունքների վերացման եւ Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկրի զարգացմանն ուղղված Դանիայի կողմից ցուցաբերած աջակցության համար:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Դանիայի ԱԳ նախարարը դրական գնահատեց այդ ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը:

Նախարարները մտքեր փոխանակեցին Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների, Արեւելյան գործընկերության ձեւաչափում համագործակցության վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանն ու Վիլլի Սյովնդալը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցեր:

Նախարարները պայմանավորվեցին խորհրդատվություններ անցկացնել երկու երկրների արտգործնախարարությունների միջեւ:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաեւ Դանիայի խորհրդարան, ուր հանդիպում ունեցավ Ֆոլկեթինգեթի նախագահ Մոգենս Լյուքեթհոֆթի հետ:

Դանիայի խորհրդարանի ղեկավարը բարձր գնահատեց Կոպենհագենում դեսպանություն հիմնելու Հայաստանի կառավարության որոշումը` նշելով, որ այն նոր հեռանկարներ կբացի հայ-դանիական հարաբերությունների զարգացման համար:

Դանիայի խորհրդարանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկեցին երկկողմ հարաբերությունների ամրապնդման, միջխորհրդարանական համագործակցության ձեւավորմանն առնչվող մի շարք հարցեր:

Մոգենս Լյուքեթհոֆթի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

Կոպենհագենում նախարար Նալբանդյանը հանդիպեց Դանիայի ԱԳՆ տնտեսական եւ ռազմավարական հարցերով պետքարտուղար Լարս Թուզենին, ում հետ քննարկեց առեւտրատնտեսական հարաբերությունների խթանմանն առնչվող հարցեր:

Էդվարդ Նալբանդյանի կոպենհագենյան այցի օրակարգում էր Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթը Արտաքին քաղաքականության դանիական ասոցիացիայում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի ելույթին ներկա էին Դանիայի ԱԳՆ պաշտոնյաներ, Կոպենհագենում հավատարմագրված դիվանագետներ, լրագրողներ եւ փորձագետներ:

Ելույթից հետո, պատասխանելով հարցերին, Էդվարդ Նալբանդյանն, անդրադառնալով Թուրքիայից հնչող հայտարարություններին, թե հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ ոչ բոլոր հարցերի շուրջ էր պայմանավորվածություն ձեռք բերվել, ասաց. «Նման հայտարարություններն առնվազն տարակուսանք են առաջացնում. արդյո՞ք Թուրքիան բոլոր համաձայնագրերն է ստորագրում առանց վերջնական համաձայնեցման կամ ինչո՞ւ է ստորագրում, եթե համաձայն չէ համաձայնագրի բովանդակության հետ»:

Այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը ծավալուն հարցազրույց տվեց դանիական խոշորագույն «Politiken» օրաթերթին:

Տպել էջը