Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստան - Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի 12-րդ նիստը

25 նոյեմբերի, 2011

Նոյեմբերի 25-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի 12-րդ նիստը:

Նիստին մասնակցելու նպատակով Բրյուսել էր ժամանել Հայաստանի պատվիրակությունը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին արդարադատության փոխնախարար Էմիլ Բաբայանը, Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը եւ ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար դեսպան Ավետ Ադոնցը:

Եվրոպական Միության պատվիրակությունը գլխավորում էին ԵՄ նախագահությունը ներկայացնող Լեհաստանի արտաքին գործերի պետական քարտուղար Միկոլայ Դովգիլեւիչը եւ Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Նիստին, որը որպես Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության խորհրդի նախագահ վարում էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, քննարկվեցին երկկողմ համագործակցության օրակարգը, ամփոփվեցին այս տարվա ընթացքում կատարված աշխատանքները, անդրադարձ արվեց հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցերին:

Նախարար Նալբանդյանը, ներկայացնելով Եվրոպական մերձեցման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլերը, ասաց, որ Հայաստան - ԵՄ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից է, եւ հայկական կողմը շարունակելու է ջանքեր գործադրել հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ:

Լեհաստանի արտաքին գործերի պետքարտուղար Միկոլայ Դովգիլիեւչը եւ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն բարձր գնահատեցին ԵՄ-Հայաստան հարաբերություններում արձանագրված առաջընթացը:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը կարեւորեց Հայաստանում բարեփոխումների գործընթացին աջակցող ԵՄ խորհրդատուների խմբի գործունեությունը` այն բնորոշելով որպես արդյունավետ համագործակցության հաջողված օրինակ:

Խորհրդի նիստի ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին Ասոցացման համաձայնագրի կնքման նպատակով վարվող բանակցությունների, խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացի, համագործակցության խորհրդարանական ձեւաչափերի շուրջ:

Նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ ընթացող բանակցությունների հաջող ընթացքի կապակցությամբ, ընդգծելով, որ այն կամրապնդի Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների իրավական հենքը՝ նոր հնարավորություններ բացելով համագործակցության ընդլայնման համար:

Կողմերը քննարկեցին հաջորդ տարվա առաջին կեսին Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկի հնարավորությունը:

Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանն ավարտել է մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ բանակցությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքները եւ համապատասխան քայլեր է սպասում Եվրոպական կողմից: Միկոլայ Դովգիլեւչը հավատացրեց, որ մինչեւ լեհական նախագահության ավարտը Եվրոպական հանձնաժողովի կողմից մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ բանակցությունների մեկնարկի տրված մանդատը կհաստատվի Եվրոպական խորհրդի կողմից:

Եվրոպացի պատվիրակությունը, բարձր գնահատելով Հայաստանի հետ համագործակցությունը, իր աջակցությունը հայտնեց իրականացվող ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումներին եւ այդ ուղղությամբ իրականացվող քայլերին:

Եվրոպական կողմի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Այդ ենթատեքստում եվրոպական կողմը նշեց, որ ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող խաղաղ գործընթացին:

Հայ-թուրքական հարաբերությունների առումով եվրոպական կողմը վերահաստատեց իր դիրքորոշումը Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների` առանց նախապայմանների վավերացման եւ իրագործման անհրաժեշտության վերաբերյալ:

Հայաստանի էկոնոմիկայի եւ արդարադատության փոխնախարարները տեղեկացրեցին իրենց բնագավառներում կատարվող քայլերը, կառավարության տնտեսական քաղաքականությունը, դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումները:

Խորհրդի նիստին հաջորդեց Էդվարդ Նալբանդյանի, Միկոլայ Դովգիլեւիչի եւ Շտեֆան Ֆյուլեի համատեղ ճեպազրույցը լրագրողների հետ:

Տպել էջը