Եվրոպական երկրներում հավատարմագրված Հայաստանի դեսպանների խորհրդակցություն

03 դեկտեմբերի, 2011

Դեկտեմբերի 3-ին Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը անցկացրեց Հայաստանի` Եվրոպական երկրներում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների ավանդական խորհրդակցությունը:

Խորհրդակցությանն անդրադարձ արվեց ս.թ. օգոստոսին կայացած ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպմանը Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին:

Նախարար Նալբանդյանը Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ներկայացրեց մեր երկրի արտաքին քաղաքական բնագավառում տեղի ունեցած վերջին զարգացումները եւ սպասվող իրադարձությունները: Էդվարդ Նալբանդյանը հանձնարարականներ տվեց երկկողմ հարաբերությունների զարգացման, Եվրոպական կառույցներում ներգրավվածության առավել ակտիվացման եւ եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցության խորացման վերաբերյալ:

Խորհրդակցությանն արծարծվեցին դեսպանությունների կողմից մատուցվող հյուպատոսական ծառայությունների մակարդակի, արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանության արդյունավետության բարձրացման հարցերը:

Հայաստանի դեսպաններն ու մշտական ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց հավատարմագրման երկրներում եւ միջազգային կազմակերպություններում ընթացող գործընթացներն ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Բարձրաստիճան դիվանագետները հանգամանալից քննարկեցին մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:

Տպել էջը